Հնարավոր է՝ քաղաքապետ փոխելով. Ա.Ռուստամյան

Մենք ասել ենք, որ այն, ինչ չհաջողվեց անել նախագահական ընտրություններին, հնարավոր է հիմա անել՝ համախմբվել և հանդես գալ միասնական ցուցակով, որը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը. ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում: «Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դա կնվաստացնի իր հաղթանակը: Ես դա ճիշտ չեմ համարում: Դա նման է այն զորավարի խոսքին, ով ասում է՝ կմիանամ պայքարին, երբ Բեռլինը վերցնեք: Բայց մինչև Բեռլինը վերցնելը դեռ բազմաթիվ մարտեր կան, չէ՞»,- ասաց նա:

Ռուստամյանը վստահ է, որ այն, ինչ չհաջողվեց անել նախագահ փոխելով, հնարավոր է անել քաղաքապետ փոխելով: «Դրա համար մեր կարգախոսն է՝ Երևան, փոխիր Հայաստանը: Նայեք բոլոր դեմոկրատական երկրներին, եթե մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում հաղթանակում է ընդդիմության ուժը: Եվ դա բերում է հավասարակշռության»,- ասաց նա:

Ոստիկանության բնագավառում էլ հավասարակշիռ մրցակցություն կստեղծվի, երբ, ըստ Ռուստամյանի, քաղաքապետի որոշմամբ հիմնվի մունիցիպալ ոստիկանություն: Պետք է ստեղծվի նաև վերահսկիչ հանձնաժողով: «Եթե քաղաքային իշխանությունը ընդդիմադիր է, ապա վերահսկիչ հանձնաժողովը կլինի իշխանական ուժի ներկայացուցիչներից, և նրանք, բնականաբար, ամեն ինչ կանեն, որ մի լումա չկորի»,- ասաց նա:

Այս ավագանու աշխատանքը Ռուստամյանը չի տեսել. «Ավագանին քննիչ հանձնաժողով պիտի լիներ, որին քաղաքացին դիմեր ցանկացած հարցով»,- ասաց նա:

Այս ընտրությունը միանշանակ քաղաքական է, և Ռուստամյանի խոսքով, ժողովուրդն ընտրում է քաղաքական ուժի: «Տարոն Մարգարյանը շատ լավ տղա է, բայց մենք Տարոն Մարգարյանին չենք ընտրում, այլ՝ Տարոն Մարգարյանին ընտրող-ազատող ուժին»,- նշեց նա:

Մեկնաբանել