Նորարարության շարժիչ ուժը

2012թ. հուլիսի 3-ին INSEAD եվրոպական բիզնես դպրոցը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել են «Նորարարությունների գլոբալ ինդեքս 2012» զեկույցը: Զեկույցի համաձայն՝ առաջատար երկրներն են Շվեյցարիան, Շվեդիան, Սինգապուրը և Ֆինլանդիան: Հետաքրքիր է, որ համաշխարհային բուհերի ակադեմիական վարկանիշի 2012թ. զեկույցի համաձայն՝ աշխարհի առաջատար տասը համալսարաններից ութը ԱՄՆ-ում են, երկուսը՝ Մեծ Բրիտանիայում: Նորարարությունների գլոբալ ինդեքսի աղյուսակում Բրիտանիան զբաղեցնում է վեցերորդ տեղը, իսկ ԱՄՆ-ը՝ տասներորդ:

Ըստ Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողում պետությունները» գրքի՝ 1966թ., երբ Բոթսվանան անկախություն ստացավ, երկրում ընդամենը 22 բարձրագույն, 100 միջնակարգ կրթություն ստացած քաղաքացիներ կային, և այն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից էր: Բոթսվանան վերջին 47 տարվա ընթացքում ամենաարագ զարգացող երկրներից է եղել և այսօր ՀՆԱ-ի մակարդակով հավասար է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների:

Շատ դեպքերում տնտեսությունում նորարարությունը և վերջինիս զարգացումը կապում են կրթության հետ: Իմ սյունակներում բազմիցս գրել եմ, որ նորարարության ու տնտեսության զարգացման կարևոր գործոնը հասարակությունում գործող խաղի կանոններն են: Հենց խաղի կանոններն են հիմնականում շահագրգռում բիզնեսներին նորարարություն անել: Վերը նշված երկու զեկույցների արդյունքները ցույց են տալիս, որ ոչ թե առաջատար կրթության կենտրոնների առկայությունն է կարևոր նորարարության համար, այլ այդ երկրների շուկայի կառուցվածքը, որն էլ բիզնեսների համար նորարարություն անելու հիմնական խթանն է:

Հայաստանում հաճախ փաստարկ է հնչում, որ նորարարության պակասը կապված է մշակույթի, մտածելակերպի կամ արժեհամակարգի հետ: Մինչդեռ դրա հակափաստարկը բջջային ծառայությունների ոլորտում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն են, ինչը խոսում է խաղի կանոնների կարևոր գործոն լինելու մասին: Մինչև 2005թ. «ԱրմենՏելը» մենաշնորհ ուներ, Հայաստանում մեծ դժգոհություն կար այդ ընկերության ծառայության որակից: «ԱրմենՏելի» աշխատակիցները կարող էին իենց թույլ տալ ամենակոպիտ ձևով սպասարկել հաճախորդներին:

2005թ. շուկա մտավ «ՎիվաՍելը»: Այս երկու ընկերությունների մրցակցությունը կարճ ժամանակահատվածում բջջային ծառայության ոլորտը ահռելի փոփոխության ենթարկեց: Ոչ միայն ծառայության որակը փոխվեց, այլ նաև կատաղի մրցակցության շնորհիվ երկու ընկերությունները հաճախ նորարարական լուծումներով էին հանդես գալիս ծառայությունների ոլորտում: «ՎիվաՍելը» արդեն 2009թ. 3G ցանցով ծառայություններ սկսեց մատուցել հաճախորդներին, որը տարածաշրջանում առաջատարն էր: Որոշ ժամանակ հետո «ԱրմենՏելը» ներդրեց երրորդ սերնդի ցանցը: Շուտով մրցակցությանը միացավ «Օրանժ» ընկերությունը, որը է՛լ ավելի թեժացրեց պայքարը և ստիպեց երկու ընկերություններին առավել ակտիվ նորարարությամբ հանդես գալ: Որոշ ժամանակ հետո «ՎիվաՍելը» ներդրեց չորրորդ սերնդի ցանցը, որը տարածաշրջանում միակն է: Այսօր «ԱրմենՏելը» այնքան է բարելավել իր ծառայությունը, որ ընկերությունը զանգում է քաղաքացիների տուն և պատրաստակամություն հայտնում անվճար քարտ տրամադրել, սակայն 7-8 տարի առաջ քաղաքացիներն էին մեծ դժվարությամբ և ավել գումարներով քարտ ձեռք բերում «ԱրմենՏելից»:

2005-ից սկսած՝ բջջային ոլորտը սպասարկող կրթության որակը մեծ հաշվով չի փոխվել, «ԱրմենՏելի» անձնակազմը նորարարական գիտելիքներ չի ստացել, աշխատակազմի կրթական ցենզը մեծ հաշվով չի փոխվել, պարզապես կառավարությունը փոխել է խաղի կանոնները:

Հայաստանում տարբեր ոլորտներում նորարարության պակասը կապված է ոչ թե մարդկանց կրթության մակարդակի, մշակույթի կամ արժեհամակարգի, այլ մրցակցության բացակայության հետ: Այդ իրավիճակը հնարավոր է փոխել միայն այդ ոլորտները մրցակցային դարձնելով: Նորարարությունը կախված է շուկայի կառուցվածքից և տվյալ ոլորտում գործող խաղի կանոններից: Կրթությունը, մշակույթը, մտածելակերպը երկրորդական կամ երրորդական գործոններ են:

Մեկնաբանել