Հոլոքոստի հանրայնացման գաղտնիքը ԱՄՆ-ում

Հայկական իրականության մեջ ամենասիրված սյուժեներից մեկը հրեաների հասած նվաճումները մատնանշելն է և նրանց հաջողությունների հետ համեմատվելը։ Ընդ որում՝ այդ համեմատությունները հիմնականում վերջիվերջո բերում են մեր բացթողումների ցուցադրմանն ու անհույս ինքնանվաստացմանը։ Հրեից փորձը թվում է կատարելության հասնող չափի ծրագրավորված մի անխոչընդոտ և անսխալական ընթացք։

Ասվածը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի հիշատակման և հանրահռչակման թեմային։ Այսօր Արևմուտքում այն ընդունված իրողություն է ճանաչված, որ բացառում է կասկածի ցանկացած փորձ անգամ։ Հիմնականում դա նաև կապում են հրեական համայնքի ֆինանսական, տեղեկատվական և քաղաքական հզորության ու ազդեցության հետ։ Իրականում, սակայն, ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ։ Այս ասպարեզում հրեաների հաջողությունները բազմաթիվ սխալների ու բացթողումների, վեճերի ու սկանդալների միջով անցած երկարատև, համբերատար աշխատանքի արդյունք է։

Անդրադառնամ միայն մեկ՝ ԱՄՆ-ում Հոլոքոստի մասին իրազեկվածության թեմային։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ-ում ընդգծված անուշադրություն էր դրսևորվում հրեաների ոչնչացման նկատմամբ։ Ավելին՝ ԱՄՆ-ը շատ երկար իր պետության սահմաններից ներս չէր ընդունում մազապուրծ եղած հրեաներին, իսկ ամերիկյան մամուլը և դիվանագիտական աղբյուրները չէին շտապում հանրությանն իրազեկել հրեական ցեղասպանության մասին։

Նույնիսկ պատերազմի ավարտից և Նյուրնբերգյան դատավարություններից հետո երկրում հետաքրքրությունն այս թեմայի վերաբերյալ չավելացավ ի հեճուկս կամ միգուցե՝ շնորհիվ ԱՄՆ-ում բնակվող հրեաների, որոնք նախընտրում էին չխոսել կատարվածի մասին՝ ամերիկյան հասարակություն ինտեգրվելու ճանապարհին սա համարելով խոչընդոտ, բարդույթ կամ սեփական անցյալի ոչ պատվաբեր դրվագ։

Առաջին իրադարձությունը, որ պետք է ամերիկացիներին ստիպեր անդրադառնալ այս թեմային, 1952թ. ԱՄՆ-ում առաջին անգամ լույս տեսած «Աննա Ֆրանկի օրագիրն» էր, որը հետագա երկու տասնամյակում պետք է մոտ հինգ միլիոն օրինակով վաճառվեր երկրում, հիմք դառնար ներկայացումների, հեռուստահաղորդաշարերի, ֆիլմերի համար և պարտադիր ընթերցվող գիրք ԱՄՆ-ի ավագ դպրոցների ծրագրերում։ Հրեա այս աղջնակի ձեռքով գրված նոթերը դառնում են շատերի համար առաջին ծանոթությունը Հոլոքոստի հետ։

Մյուս կարևոր իրադարձությունը 1961թ. Երուսաղեմում կայացած համակենտրոնացման ճամբարների վարչության ղեկավար Ադոլֆ Էյհմանի դատավարության ռադիոհեռարձակումներն էին, որոնք նույնպես որոշակի հետաքրքրություն առաջացրին ամերիկյան հանրության մոտ։

Սակայն վերոհիշյալ օրինակները, ինչպես նաև 1978թ. NBC հեռուստատեսությամբ հեռարձակված վիճահարույց Holocaust բազմասերիանանոց վավերագրական ֆիլմը, չկարողացան արմատապես փոխել իրավիճակը։ Ժամանակ առ ժամանակ հետաքրքրությունը Հոլոքոստի նկատմամբ աճում էր, սակայն ընդհանուր առմամբ՝ իրազեկվածությունը բավական ցածր էր՝ չնայած հրեական համայնքի գործադրած բոլոր ջանքերին։

Ամեն ինչ փոխվում է միայն 1990-ականներին։ Երևի որոշիչ կարելի է համարել 1993-ը։ Տասնհինգ տարի տևած կառուցման և ցուցադրության հիմնական տեսլականի շուրջ բանավեճերից հետո հենց այդ տարի Վաշինգտոնում բացվեց Հոլոքոստի հուշարձան-թանգարանը, որի հաջողությունը աննախադեպ էր ու երևի թե անսպասելի։ Միայն առաջին տարվա ընթացքում թանգարան այցելեց երկու միլիոն մարդ։

Նույն թվականին կինոէկրաններ բարձրացավ Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» կինոնկարը։ Ռեժիսորը, որը որոշել էր իր պարտքը տալ սեփական համայնքին, որից երկար տարիներ կտրված էր, չէր էլ ակնկալում, որ ֆիլմը կհավաքեր 96 միլիոն դոլարի շահույթ և կարժանարար յոթ «Օսկար» մրցանակի։ Սփիլբերգը «չսպասված» գումարը կտրամադրի Shoah Visual History Foundation-ի հիմնադրմանը, որը կոչված է թվայնացնելու Հոլոքոստի հարյուր հազարավոր վերապրողների հիշողությունները, իսկ «Շինդլերի ցուցակից» հետո Հոլոքոստը կդառնա ամերիկյան հանրային կյանքի անբաժանելի մասը։ 1995թ. հարյուրից ավել գիտական աշխատություններ գրվեցին, նոր գիտական ամսագրեր ստեղծվեցին, որոնք կենտրոնացան հենց Հոլոքոստի ուսումնասիրման վրա՝ Holocaust and Genocide Studies և History and Memory: Իսկ, օրինակ, Washington Post-ը 1995-96 թթ. Հոլոքոստի վերաբերյալ 684 հոդված տպագրեց։

Այս հետաքրքրության աճը այլևս չդարձավ զուտ վերելքի մի դրվագ, այլ վերածվեց կայուն միտման և դարձավ այն հաջողության պատկերը, որը մեզ մոտ հիացմունք է առաջացնում։ Սակայն լավ կլինի՝ հասկանանք, թե որքան ուժ ու աշխատանք է տարվել այս իրավիճակը արձանագրելու համար, և չհուսահատվենք դժվարություններից, ինչպես հրեաները չհուսահատվեցին՝ հիսուն տարի ջանք ու եռանդ ներդնելով այս աշխատանքի մեջ։

Մեկնաբանել