Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահին

Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին և նրան դատարան է տարել, հաղորդում է BBC-ն։

Ապրիլի 18-ին Պակիստանի դատարանը նախկին նախագահի ձերբակալության հրաման էր արձակել․ նա մեղադրվում է դատավորներին անօրինական կերպով պաշտոնից ազատելու և ազատազրկելու մեջ։

Մեղադրանքները վերաբերում են 2007թ․ մարտին, երբ Մուշարաֆը, դեռ լինելով պետության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար, երկրում մտցրեց արտակարգ դրություն, կասեցրեց Սահմանադրության գործողությունը, ինչպես նաև պաշտոնից ազատեց և տնային կալանքի տակ փակեց բարձրաստիճան մի շարք դատավորների։

Նախկին նախագահը, որի փաստաբանները ձգտում էին հասնել իրենց պաշտպանյալի՝ գրավի դիմաց ազատ արձակման, դատավճռի հրապարակման պահին դատարանում է եղել։

Մուշարաֆի ձերբակալության մասին դատավճռի հրապարակումից հետո նա իր թիկնապահների ուղեկցությամբ արագ լքել է դատարանի տարածքը։

Ոստիկաններն ու դատական պրիստավները նվազագույն փորձ անգամ չեն կատարել դատավորների որոշումն իրագործելու համար։

Ինչպես նշում է Իսլամաբադում BBC-ի թղթակիցը, պակիստանցի ոստիկաններն առայժմ չեն միջամտում Մուշարաֆի շուրջ ստեղծված իրադրությանը։ Սակայն, հաղորդում է նա, Պակիստանում քչերն են հավատում, թե զիրվորականները թույլ կտան, որ իրենց նախկին գլխավոր հրամանատարը հայտնվի ճաղերի հետևում։

Փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի ձերբակալությունը բողոքարկել են Գերագույն դատարանում։

Այս տարվա մարտին Փերվեզ Մուշարաֆը չորս տարվա կամավոր արտաքսումից հետո վերադարձավ հայրենիք։ Պակիստանի նախկին նախագահը մտադիր էր մասնակցել այս տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։