Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքները

Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիայի գլխավորությամբ, Արբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ երկխոսության կոչ է արել, հաղորդում է contacat.az-ը:

Այս մասին Մելիան հայտարարել է ապրիլի 18-ին պաշտոնատար անձանց, քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ այդ հանդիպումների ընթացքում ինքը մտահոգություն է հայտնել ազատ արտահայտման և հավաքների համար ձերբակալությունների հարցով՝ կոչ անելով ազատ արաձակել այդ անձանց:

Նրան հատկապես մտահոգել է հանգամանքը, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել REAL շարժման առաջնորդ, անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի հետ:

Մելիայի խոսքով՝ ինքը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ճնշումները քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ և վերացնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտող գործոնները: Նա ընդգծել է ժողովրդավարական գաղափարներին հարող կառույցների՝ հատկապես Ազատ մտքի ինստիտուտի ազատ գործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումըս:

Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին, Մելիայի կարծիքով դա Ադրբեջանի համար լավ հնարավորություն է ցույց տալու՝ որքանով է Բաքուն հետևում է միջազգային իր պարտավորություններին:

Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ այսօր՝ ապրիլի 19-ին Պետդեպը կհրապարակի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին իր տարեկան հաշվետվությունը: