Տղամարդկանց ուղեղն ունակ չէ հասկանալ կանանց ապրումները. գիտնականներ

Աքսիոմն այն մասին, որ հակառակ սեռերի ներկայացուցիչները դժվարություններ ունեն միմյանց հասկանալու հարցում, վերջապես գիտականորեն ապացուցվել է, համենայնդեպս՝ տղամարդկանց մասով:

Պարզվում է՝ կանանց ազդանշանները գուշակելու հարցում տղամարդկանց խնդիրները պայմանավորված են ոչ միայն եսասիրությամբ, այլև շատ ավելի խորքային պատճառներ ունեն: Այսպես՝ տղամարդու ուղեղը պարզապես ունակ չէ կանանց զգացումները գուշակել նույնքան լավ, որքան տղամարդունը: Այսպիսի եզրահանգման են եկել գերմանական Բոխում քաղաքի LWL համալսարանական հիվանդանոցի գիտնականները: Նրանք անցկացրել են հետևյալ հետազոտությունը. 22 երիտասարդ տղամարդկանց ցույց են տվել երկու սեռերի ներակայացուցիչների աչքեր պատկերող 36 նկար: Կամավորները տեղյակ չէին՝ որ նկարում ում աչքերն են:

Այնուհետև նրանց առաջարկել են աչքերի յուրաքանչյուր զույգի համար ընտրել ապրումներ նկարագրող համապատասխան արտահայտություններ, օրինակ՝ «անվստահություն» կամ «վախ»:

Արդյունքում՝ կամավորները երկու անգամ ավելի լավ գուշակել են տղամարդկանց աչքերի արտահայտած ապրումները, իսկ կանանց աչքերը նրանց փակուղու մեջ են դրել:

Սկանավորումը ցույց է տվել, որ պատճառը ուղեղի այն մասի աշխատանքն է, որը կոչվում է նշակորիզ: Դա, այսպես ասած, ուղեղային էմոցիոնալ կենտրոնն է, որը պատասխանատու է մեկ այլ մարդու ապրումների հետ անցյալում ունեցած սեփական ապրումների հարաբերակցման համար, ինչն էլ հնարավոր է դարձնում ուրիշի հոգեվիճակի ընկալումը:

Տղամարդկանց աչքերը դիտելիս կամավորների նշակորիզն ակտիվանում էր, կանանց աչքերը դիտելիս՝ «քնում»:

Մեկնաբանել