Իտալիային դեռ չի հաջողվում նոր նախագահ ընտրել

Իտալիայի խորհրդարանը ապրիլի 19-ին կձեռնարկի պետության նոր ղեկավարի ընտրության երրորդ փորձը։ Ապա հնարավոր է՝ պահանջվի նաև չորրորդը։ Ապրիլի 18-ին առաջին երկու փորձերի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել պատգամավորների 2/3-րդի անհարաժեշտ աջակցությունը, հաղորդում է Euronews-ը։

Պատգամավորների կամարտահայտման առաջին երկու փորձերն ավարտվել են ֆավորիտ թեկնածուի՝ Սենատի նախկին խոսնակ Ֆրանկո Մարինիի պարտությամբ։ Նրա թեկնածությանն աջակցել են ձախակենտրոն կոալիցիայի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին և աջակենտրոնների առաջնորդ, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։

Չորրորդ քվեարկության ժամանակ նախագահի հաստատման համար անհրաժեշտ է միայն պարզ մեծամասնություն, և երևում է՝ Բերսանին ու Բեռլուսկոնին հենց դրան են սպասում, որպեսզի անցկացնեն միմյանց միջև համաձայնեցված թեկնածու Մարինիին։

Սակայն հավանականություն կա, որ առաջատար երկու քաղաքական ուժերը կարող են և համաձայնության գալ նոր թեկնածուի շուրջ։