Վ. Գասպարյանը` Երևանի նոր ոստիկանապետի մասին

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հասցեին հնչող մեղադրանքները, հայտարարել է, թե վերջինս «մաքուր» է:

«Ի՞նչ եք կարծում` ես մարդ եմ, ով չի տիրապետո՞ւմ ինֆորմացիային, ի՞նչ է` դուք կարծում եք, ես մարդ եմ, որ կարող եմ նման նշանակում անել և ինքս ինձ հակասե՞լ: Լրատվամիջոցները կարող են էդպես պատմել, էդպես ներկայացնել: Ես շատ լուրջ եմ մոտենում իմ պաշտոնին, ես մեծ գերատեսչության ղեկավար եմ, ես չեմ կարող թեթևամիտ որոշումներ կայացնել,- ասել է Հայաստանի ոստիկանապետը` հավելելով, թե իր խոսքը չի կարող հակասել արած գործին: -Իհարկե, մաքուր է, իհարկե, [նման բան] չկա, իհարկե, ստուգվել է: Ի՞նչ եք կարծում, որ ես մի քանի ժամ թողեցի կադրերի տակ, ինքը գիտե՞ր, որ մնալու է կադրերի տակ: Ես թողեցի կադրերի տակ, որ ինչ կար ծաղկեր, հասկանայի մի հատ` ինչ էր կատարվում: Ծաղկեց, ճշտեցինք, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Անդրադառնալով Եվրադատարանի վճռին` Գասպարյանն ասել է. «Մենք գիտենք` եվրադատարաններում ոնց է ամեն ինչ տեղի ունենում»:

«Մենք գիտենք նյութերի ընթացքը, մոտեցումները, սկզբունքները, ես գիտեմ կոնկրետ մարդու: Մենք գիտենք, թե ոնց կարելի է սևը սպիտակ ներկայացնել, սպիտակը սև ներկայացնել: Մենք գիտենք ոնց կարող ենք մեր եվրոպացի գործընկերների հետ մի բան խոսել, մի ձև աշխատել, և այդ աշխատանքը ներկայացնեն այնպես, որովհետև եթե իրենք այդպես չներկայացնեն, հանկարծ կարող են մտածել, որ իրենք ազնիվ չեն: Դրա համար էդպես են ներկայացնում ստիպված: Չէ՞ որ մենք գիտենք էդ տեխնոլոգիաները, և ես այն մարդկանցից չեմ, որ որոշում կայացնելու համար պատասխանատվություն չկրեմ», – հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանապետի հրամանով Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Այս պաշտոնում նրան փոխարինել էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Հատկանաշական է, որ վերջինս Եվրոպական դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճռում հիշատակված անձ է: Ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանի վկայությունների համաձայն` Կարապետյանը ոստիկանության բաժնում 2004թ. իրեն դաժան ծեծի է ենթարկել, մետաղյա առարկայով հարվածել է գոտկատեղից ներքև, ինչի հետեւանքով Վիրաբյանը ամորձիների վիրահատություն է տարել: Եվրադատարանը այս գործով անցած տարի Հայաստանին պարտավորեցրել էր €31 հազ-ին համարժեք փոխհատուցում վճարել Վիրաբյանին:

Azatutyun.am