Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ Guardian-ի լրագրող

Ապրիլի 16-ին The Guardian բրիտանական թերթը պաշտոնապես հայտարարել է նոր՝ Guardian Witness ծառայության գործարկման մասին, որը թույլ է տալիս ընթերցողներին ուղարկել իրենց նորությունները, պատմությունները, լուսանկարները և տեսանյութերը Guardian-ի խմբագրություն, հաղորդում է Mashable.com կայքը:

Քաղաքացիական լրագրության այս հարթակն աշխատում է անվճար ծրագրի (հասանելի է IOS-ի և Android-ի համար) կամ ուղղակիորեն թերթի կայքի միջոցով:

Իրենց նյութերը «կիսել» ցանկացողներին առաջարկվում են պատրաստի խորագրեր, սակայն կա նաև «Ազատ թեմա» խորագիրը, որտեղ կարելի է պատմել սեփական պատմությունը, որը, ընթերցողների կարծիքով, հետաքրքիր կլինի The Guardian-ի խմբագրության համար:

Բոլոր նյութերն ուղարկվում են թերթի խմբագրություն, դրանցից լավագույնները հրապարակվում են կայքում կամ Guardian-ի տպագիր համարում: Կբացվի նաև «Թեժ նորություններ» բաժինը, որը նախատեսված է իրական ժամանակում զարգացող կարևոր իրադարձությունների մասին (օր.՝ բնական աղետ) լուսանկարների, տեսանյութերի կամ մեկնաբանությունների համար:

Բրիտանիայի բջջային և անշարժ կապ տրամադրող ЕЕ ընկերության տնօրեն Սփենսեր Մաքհյուն այսպես է մեկնաբանել նոր պլատֆորմի բացումը. «Սմարթֆոնները փոխում են աշխարհով մեկ տեղեկատվության լուսաբանման և փոխանցման ուղիներն այնպես, ինչպես բջջային տեխնոլոգիաները ջնջում են սահմանները լրագրողների և լսարանի միջև»: Նրա խոսքով՝ իր ընկերությունն ուրախ է աջակցել Guardian-ին բաց լրագրության զարգացման հարցում: