Բոստոնի պայթյունների հետքերը տանում են Հյուսիսային Կովկաս

Ամերիկյան Associated Press գործակալության աղբյուրները հաղորդում են, որ բոստոնյան մարաթոնյան վազքի ժամանակ իրականացված պայթյունների կազմակերպման մեջ կասկածյալները ծագումով Ռուսաստանի՝ Չեչնիային հարակից շրջանից են։ ԱՄՆ-ի ոստիկանությունը այժմ Բոստոնի արվարձանում իրականացնում է մասշտաբային գործողություն՝ փորձելով ձերբակալել կասկածյալներից մեկին։

Մյուս կասկածյալը ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է լույս ապրիլի 19-ին։

Գործակալությունը հաղորդում է, որ ողջ մնացած կասկածյալը 19-ամյա Ջոխար Ցարնաևն է, որը վերջին մեկ տարում ապրել է Միացյալ Նահանգներում։

Ոստիկանությունը գործողությունը սկսել է այն բանից հետո, երբ ապրիլի 18-ին՝ ուշ երեկոյան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տարածքում փոխհրաձգության ընթացքում ոստիկան է սպանվել։

Բոստոնի արվարձան Ուոթերթաուն են ժամանել ոստիկանության բազմաթիվ ստորաբաժանումներ։

Մասաչուսեթս նահանգի իշխանությունները որոշել են կասկածյալի որոնումների ընթացքում մի շարք շրջաններում դադարեցնել ամբողջ տրանսպորտի և հաստատությունների աշխատանքը։ Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, խոսքը Ուոթերթաունի մոտ 20 թաղամասի մասին է։

Հիշեցնենք, որ Բոստոնում մարաթոնյան վազքուղու վերջնագծի մոտ ապրիլի 15-ի գիշերը որոտացել էր երկու պայթյուն, որոնց հետևանքով զոհվել էր երեք մարդ, ավելի քան 170-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Մեկնաբանել