Հայաստանի և Իրանի միջև մշակութային համագործակցության ծրագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հրավերով ապրիլի 18-20-ը պատասխան այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

2013թ. ապրիլի 19-ին` ժամը 10:00-ին, մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին:

Ծրագրի համաձայն կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային շաբաթների կազմակերպմանը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը: Կինոյի բնագավառում կողմերը կհամագործակցեն համատեղ ֆիլմերի արտադրությանը, ինչպես նաև հայկական և իրանական համապատասխան ընկերությունների կողմից կազմակերպվող ֆիլմերի ցուցադրությանը: Գրադարանների և թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին: Կողմերը կաջակցեն Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության արխիվի և ազգային գրադարանի միջև համագործակցությանը:

Պատվիրակության կազմում են ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի առաջին խորհրդական Ալի Ղոլի Ամիր Ահմադին, ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Մոհամմադի Շաքիբան, իսլամական խորհրդարանի պատգամավորներ Սեյեդ Ալի Թահերին և Կարեն Խանլարյանը, ինչպես նաև լրագրողական խումբ:

Մեկնաբանել