Կառավարությունում քննարկվել են արտահանման վարկավորման ապահովագրության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Պյոտր Ֆրադկովին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ֆրադկովը ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ և ներդրումներով:

«Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները: Ստացել ենք նաև Եվրոպական միության և չեխական կողմի տեխնիկական աջակցությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել է ընկերության ստեղծման մոդելն ու ճանապարհային քարտեզը:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակումը և այդ համատեքստում քննարկել փոխգործակցության հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտին և զարգացման հնարավորություններին: