Հունվար-մարտին տնտեսական ակտիվությունն ավելացել է 8,7%-ով

Լուսանկարը` ՀՀ մաքսային ծառայության

Չնայած տնտեսական ակտիվության տեմպի արագացման ու արդյունաբերությունում արձանագրվող երկնիշ աճի՝ արտահանումն առաջին եռամսյակում ավելացել է ընդամենը 3%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նույնիսկ կրճատվել՝ 0,7%-ով։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 8,7%, անցած տարվա նույն ժամանակահատվածի 6,1%-ի փոխարեն և այս տարվա երկու ամիսներին գրանցված 8%-ի դիմաց։ Ազգային վիճակագրական ծառայության՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. մարտին» հրապարակման համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտների։

Եթե առաջին եռամսյակում շինարարության ոլորտի 6,5% անկումը սպասելի էր (այն այդպես էլ չի կարողանում ոտքի կանգնել 2009-ի ճգնաժամից հետո), ապա տարօրինակ է էլեկտրաէներգիայի արտադրության 0,7%-ով կրճատումը։ Բանն այն է, որ ԱՎԾ-ն էական աճ է գրանցել էներգատար ոլորտներում։

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերությունում արձանագրվել է 15,8% աճ, ծառայությունների ոլորտում՝ 7,1%։ Չնայած արդյունաբերության ոլորտի եռամսյակային երկնիշ աճին, տեմպը զիջում է երկու ամսում արձանագրված ցուցանիշին։

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 2,3% աճ, առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են 6,5%-ով։ Վերջին ցուցանիշն ուշագրավ է այնքանով, որքանով առաջին եռամսյակում միջին գնաճը կազմել է 3%, իսկ միջին ամսական աշխատավարձն աճել 3,8%-ով՝ կազմելով Դ141,7 հազ.։ Հասկանալի է, որ գնողունակության նման չնչին աճի պայմաններում առևտրի շրջանառությունը չէր կարող շատ ավելի մեծ ցուցանիշ արձանագրել։ Չի բացառվում, խթանիչ որոշ ազդեցություն են ունեցել նախագահական ընտրությունների նախաշեմին բաժանված ընտրակաշառքները։

ԱՎԾ տվյալներն առաջին եռամսյակում գնողունակության անկում են արձանագրել նաև պետական համակարգի աշխատողների մոտ։ Այսպես, 3% գնաճի պայմաններում պետական համակարգում միջին ամսական աշխատավարձն աճել է 1,9%-ով և կազմել Դ112,5 հազ.։ Մասնավոր համակարգում աշխատավարձերի աճը կազմել է 6,9%՝ մինչև Դ176 հազ.։

Այս տարվա առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 2,2%-ով՝ կազմելով $1,33 մլրդ. արտահանման ծավալն ավելացել է $3%-ով (մինչև $358 մլն), ներկրումը՝ 1,9%-ով (կազմել է $974 մլն)։ Հաշվետու ժամանակահատվածում կտրուկ նվազել է արտահանման տեմպը. այս տարվա երկու ամիսներին արտահանումն ավելացել էր 30,4%-ով, 2012թ. առաջին եռամսյակում՝ 32,5%-ով։

Մեկնաբանել