Միջնորդությունների փուլ` Հարսնաքարի գործում

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` ապրիլի 19-ին, շարունակվեց Հարսնաքարի գործով դատական նիստը:

Վահե Ավետյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը ներկայացրին բժշկական տեղեկանք: Այն իրենից ներկայացնում էր Վիեննայի համալսարանի պրոֆեսորների կատարած հետազոտությունը, որի արդյունքների համաձայն` Վահե Ավետյանի ուղեղը մահացել էր հենց հարվածը ստանալու պահին:
Դատախազ Արթուր Դավթյանը սակայն խնդրեց, որ տեղեկանքի վերաբերյալ ավելի հստակ տեղեկատվություն տրամադրվի, թե կոնկրետ որ նյութերն են քննության առնվել և որ փորձագետներն են այն կատարել: Հատկանշական է, որ տեղեկանքում նշված էր թե´ հետազոտությունը կատարած ինստիտուտի հասցեն, թե´ բժիշկների անունները: Դատավորը ժամանակ տրամադրեց, որ փաստաբաններն ու պաշտպաններն ավելի կոնկրետ տեղեկատվություն ներկայացնեն տեղեկանքի վերաբերյալ, ինչից հետո միայն հնարավոր կլինի տեղեկանքը կցել գործին:

Տիգրան Եգորյանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր գործով բոլոր վկաների լրացուցիչ հարցաքննմանը: Նա ներկայացրել էր ցուցակ, որում ներկայացված էին հավանական բոլոր ականատեսների անունները: Ամբաստանյալների բոլոր պաշտապանները սակայն առարկեցին միջնորդությանը` հիմնավորելով, որ հստակ չէ, թե կոնկրետ որ անձը որ հանգամանքների պարզման համար է կանչվելու դատարան: Իսկ դատավորը մատնանշեց, որ ցուցակում կան անձինք, որոնք ականատես չեն, մինչդեռ հարցաքննության կարող են կանչվել միայն նրանք, որոնք ականատես են կամ որոնց վերաբերյալ դատարանին տրամադրված է բավարար տեղեկատվություն: Վահե Գրիգորյանը մատնանշեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է միջազգային և տեղական մամուլով, թե տեղյակ է գործի մանրամասներից, ուստի միանաշնակ կարող է հարցաքննվել այս գործի շրջանակում: Դատավորը սակայն կարծիք հայտնեց, որ այս պահի դրությամբ դատարան կարող են կանչվել այն մարդիկ, որոնց ներկայությունը միջնորդել են երկու կողմերը: Իսկ այդ մարդիկ են «Հարսնաքարի» մատուցողներ Մանուկ Մնացականյանը, Դավիթ Հայրյանը և Գևորգ Միքայելյանը, իսկ մնացած անձանց վերաբերյալ միջնորդությունները կքննվեն ավելի ուշ: