Իտալիայի նոր նախագահը քվեարկության երրորդ փուլում էլ չընտրվեց

Իտալիայի նախագահի ընտրություններում քվեարկության երրորդ փուլը նույնպես անարդյունք է ավարտվել, հաղորդում է Associated Press-ը։ Նախագահի ընտրությունները Իտալիայում անցկացվում են ապրիլի 18-ից՝ ազգային խորհրդարանի Պատգամավորների պալատի և Սենատի համատեղ նիստին՝ երկրի բոլոր շրջաններից ժամանած պատվիրակների մասնակցությամբ։

Պետության գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոյի յոթամյա մանդատն ավարտվում է մայիսի 15-ին։ Համաձայն Իտալիայի Սահմանադրության 83-րդ հոդվածի՝ նախագահի ընտրություններն իրականացվում են գաղտնի քվեարկությամբ։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 1007 ընտրիչ։ Առաջին երեք փուլերում ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ ընտրիչների ձայների 2/3-ը, այսինքն՝ 672 ձայն։ Սկսած չորրորդ փուլից՝ բավարար է ստանալ պարզ մեծամասնություն՝ 504 ձայն։

Ընտրություններում բարդագույն իրադրության մասին վկայում է այն փաստը, որ համաձայն նախնական տվյալների՝ քվեաթերթիկների մեծ մասը (465) չլրացված են մնացել։ Քվեարկության երրորդ փուլում առաջատար է դարձել ձախ շրջաններում ժողովրդականություն վայելող իրավաբան և քաղաքական գործիչ Ստեֆանո Ռոդոտան (249 ձայն), որի թեկնածությունը օնլայն քվեարկության ընթացքում ընտրություններից առաջ առաջադրել էին նախկին երգիծաբան Բեպե Գրիլոյի կողմնակիցները։ Քվեարկության առաջին երկու փուլերին նա ստացել էր համապատասխանաբար 240 և 230 ձայն։

Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին, որի թեկնածությունը ապրիլի 19-ի առավոտյան պաշտոնապես առաջադրել էր խորհրդարանում խոշորագույն խմբակցություն ունեցող Դեմոկրատական կուսակցությունը, այդուհանդերձ, առայժմ ստացել է ընդամենը 22 ձայն։ Նրանից առաջ է անցել անգամ դեմոկրատների մեկ այլ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Մասիմո դ’Ալեման, որի օգտին երրորդ փուլում քվեարկել է 34 ընտրիչ։

Իտալացի վերլուծաբանների կարծիքով՝ իրադրությունն արմատապես պետք է փոխվի քվեարկության չորրորդ փուլում, երբ հաղթելու համար անհրաժեշտ կլինի ստանալ 504 ձայն։ Քվեարկության չորրորդ փուլը նշանակված է ապրիլի 19-ին՝ ուշ երեկոյան։