Մշակութային փոխգործակցությունն այլ որակ է հաղորդում հայ-իրանական հարաբերություններին. Ա.Գևորգյան

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Ա. Գևորգյանը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Իրանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացմանը: Երկու երկրների միջև ձևավորվել են բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ, ընդլայնվում և զարգանում է առևտրատնտեսական համագործակցությունը, խոշոր ծրագրեր են իրականացվում տնտեսական ոլորտում: «Բայց կարծում եմ, երկրների հարաբերություններում բարեկամությունը բնորոշող ամենակարևոր բաղադրիչը հումանիտար համագործակցությունն է. մշակութային փոխգործակցությունը բոլորովին այլ որակ է հաղորդում հարաբերություններին»,- նշել է Ա.Գևորգյանը:

Նա ողջունել է այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրումը` նկատելով, որ ոլորտում համագործակացությանն առավել համակարգված բնույթ է հաղորդվում: Ա.Գևորգյանը վստահություն է հայտնել, որ ծրագրով նախատեսված միջոցառումները նոր լիցք կհաղորդեն մշակույթի և արվեստի տարբեր բնագավառներում փոխգործակցությանը` այդ համատեքստում դրական համարելով նաև ոլորտի պատասխանատուների փոխայցելությունները:

ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի խոսքով` առկա է փոխգործակցության մեծ ներուժ, երկու բարեկամ և հարևան երկրները, որոնք ունեն հարուստ մշակութային ժառանգություն և համագործակցության մեծ փորձ, կարող են շատ ավելի լայն գործակցություն հաստատել:

Ստորագրված փաստաթուղթը, ըստ նրա, համապատասխան դաշտ է ստեղծում մշակութային ծրագրերի իրագործման համար, և տարբեր միջոցառումների անցկացումը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման մեծացմանը, շփումների ակտիվացմանը:

Մեկնաբանել