Կանգնած է իշխանական պատը ժողովրդի փխրուն կամքի դեմ. Մանվել Եղիազարյան

1991թ.-ից Հայաստանում երբեք արդար ընտրություններ չեն եղել, դա էլ առաջացրել է իրավացի ընդվզում, սակայն երբ ժողովուրդը դուրս է եկել փողոց, արդյո՞ք ընդդիմությունը ցանկացել է իշխանություն վերցնել. այս մասին «Ա1+»-ի եթերում խոսեց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Ըստ նրա՝ ընդվզումն իշխանափոխության չի հանգեցրել, որովհետև «հարթակի վրա մարդիկ էին, որ կեսից ավելին թաթախված էր այս կամ այն սև գործերի մեջ», ինչպես նաև՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները երբեմն դրսի հրահանգներն էին կատարում, օժանդակություն ստանում, «որպեսզի դառնալով նախագահ՝ ավելի հեշտ ղեկավարվեին»:

Մանվել Եղիազարյանի խոսքով՝ պայքարի այսօրվա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի իրական ծրագիր առաջ չի քաշում: «Նա միայն ասում է՝ վաղը ունենալու ենք իրական Հայաստան, բայց ինչպե՞ս: Ժողովուրդն արդեն այն իրավիճակում է, որ ամեն օրն ու ժամը նշանակություն ունեն… Րաֆֆի Հովհաննիսյանի սահմանադրական ճանապարհը ոչնչի չի բերելու. փորձը դա է ցույց տվել: Կանգնած է իշխանական պատը ժողովրդի փխրուն կամքի դեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեր ներքաղաքական ոչ կայուն վիճակը կարող է հիմք դառնալ, որ հակառակորդը հարձակվի՝ Եղիազարյանն ասաց. «Բացարձակապես այդպես չէ: Այդպես ասում են մարդիկ, ովքեր ոչ մի գաղափար չունեն արցախյան հակամարտության մասին: Եթե մասսան լիներ, պատերազմ սկսելու դեպքում անմիջապես կարող էր փակել հակառակորդի ճանապարհը: Երկրորդ, այդ մասսան կհավաքվեր, դա կտևեր ամենաշատը մի ամիս, իսկ հակառակորդը դրանից չի օգտվի, քանի որ աշխարհում մենք միայնակ չենք: Ոչ մի բան Արցախին չի լինի, որովհետև մենք զինվորին սահմանից հո չե՞նք բերում»:

Մեկնաբանել