Իրանի նախաձեռնությամբ երեք հայկական եկեղեցի ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիին. տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնութան հետ կապերի վարչությունից:

Հ.Հակոբյանը նախ ցավակցել է իրանցի նախարարին օրերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի առիթով, ապա քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ստորագրվելիք «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. (1391-1394թթ.) մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագրին առնչվող հարցերխնդիրներ, ինչպես նաև Իրանում հայկական համայնքին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել դարերի պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերություններին:

Բարձրաստիճան հյուրը, անդրադառնալով Իրանում հայկական պատմական մշակութային ժառանգությանը, նշել է, որ Իրանի կառավարության նախաձեռնությամբ երեք հայկական եկեղեցի ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել իրանական կառավարությանը, որ հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին ապրել, ստեղծագործել, զարգացնել հայկական մշակույթը: Նա անդրադարձել է նաև Իրանում հայ գրատպության պատմությանը:

Կողմերը քննարկել են փոխադարձ ծրագրերի իրականացման հնարավորությունները` փաստա-վավերագրական ֆիլմերի նկարահանում, հեռուստատեսությամբ գեղարվեստական ֆիլմերի հեռարձակում, ինչպես նաև, ցուցահանդեսների կազմակերպմանը, ուսանողների, աշակերտների շրջանում մրցույթների անցկացմանը, պարսկերենի խորացված ուսուցմանը նպաստող ծրագրեր: