Սերբիան և Կոսովոն պատմական համաձայնագիր են ստորագրել

Սերբիան և Կոսովոն, Եվրամիության միջնորդությամբ, ստորագրել են փոխհարաբերությունների կարգավորման համաձայնագիր. հաղորդում է BBC-ն:

Համաձայնագիրն իրականություն է դարձել Սերբիայի ու Կոսովոյի վարչապետների՝ Իվիցա Դաչիչի և Հաշիմ Թաչիի՝ Բրյուսելում ամիսներ տևած լարված բանակցությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ Կոսովոն միակողմանիորեն իրեն անկախ պետություն է հռչակել 2008-ին: Բազմաթիվ երկրներ ճանաչել են նրա անկախությունը, բայց Սերբիան մինչ օրս չի ճանաչել այն: Սակայն ըստ Սերբիայի՝ ԵՄ մտնելու մասին համաձայնագրի՝ Բելգրադը պարտավոր է նորմալ հարաբերություններ հաստատել բալկանյան երկրների հետ: Փոխարենը, Կոսովոյի իշխանությունը կարող է ճանաչել կոսովյան սերբերի ինքնավարությունը Կոսովո-Միտրովիցկյան շրջաններում:

Դիտորդները նշում են, որ Սերբիան, ամենայն հավանականությամբ, համաձայնել է ճանաչել Պրիշտինայի իրավունքը Կոսովոյի՝ մեծամասամբ սերբերով բնակեցված հյուսիսային հատվածի վրա, քանի որ դրա դիմաց Կոսովոն համաձայնել է սերբերին տալ ինքնավարություն:

Եվրոպական Միության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հաղորդել է, որ բանակցություններն ավարտված են, և համաձայնագրի տեքստը վավերացվել է երկու վարչապետների կողմից:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Սերբիայի իշխանությունները մերժել էին Պրիշտինայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Եվրամիության առաջարկած համաձայնագիրը: Նշենք նաև, որ Սերբիայի և Կոսովոյի այս համաձայնագիրը, միջազգային լրատվամիջոցների բնորոշմամբ, պատմական է:

Մեկնաբանել