ՀԱԿ-ը մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը

ՀԱԿ խմբակցությունը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախագահական ապարատի հրավերքը. այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նա ասել է, որ հրավերքն արվել է Լևոն Զուրաբյանին, սակայն խմբակցությունը, հրավերքը քննարկելով, մերժել է այն։ «Ոչ լեգիտիմ իշխանության նշանակած վարչապետի հարցի քննարկմանը գնանք, որ ի՞նչ անենք»,- ասել է Արամ Մանուկյանը։

Ավելի վաղ ՀՀ նախագահի մամլո ծառայությունը հայտնել էր, թե ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների՝ Սերժ Սարգսյանը, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով:

Նա ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ-ի դժգոհությունն է հայտնել Տիգրան Սարգսյանին վարչապետ վերանշանակելու կապակցությամբ: «Ես մեր ուղերձն եմ փոխանցել, որ դեմ ենք այդ նշանակմանը և բացատրել ենք, թե ինչու ենք դեմ: Փոխանցել եմ երկիրը այս վիճակից դուրս բերելու մեր մոտեցումները, որոնք մեր պատկերացմամբ լավագույն քայլերը կլինեն: Նախագահը այդ մոտեցումների մի մասն ընդունեց, մի մասը ՝չէ, մի մասն էլ՝ քննարկելու խնդիր դարձրեց: Մենք խնդիր չունենք՝ կարող ենք քննարկել»,- հանդիպումից այլ մանրամասներ չի ներկայացրել Ռուստամյանը: Նրա խոսքերով՝ վարչապետի և մի շարք նախարարների վերանշանակումը «արդեն բավարար է՝ ասելու համար, որ նույն կուրսը, ուղեգիծը կշարունակվի, որը մեզ համար անընդունելի է: Այս ամեն ինչի հետևանք՝ արտագաղթը, աղքատությունը և բոլոր այն մարտահրավերները, որոնք Սերժ Սարգսյանը նշեց իր ելույթում, այս կառավարությունը ունակ չէ վերացնելու»:

Նշենք նաև, որ, նույն նպատակով Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ: «Ժառանգությունը» ևս հրաժարվել է հանդիպել։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի