Կառավարությունը երրորդ տարին անընդմեջ թերանում է ծախսերում

Եթե կառավարությունը 2012-ին պետբյուջեի եկամտային մասն ապահովվել է 100,14%-ով, և փաստացի եկամուտները կազմել են Դ946,2 մլրդ, ապա ծախսային մասը թերակատարվել է 6,6%-ով՝ կազմելով Դ1 տրլն։ Արդյունքում բյուջեի դեֆիցիտը կազմել է Դ59,9 մլրդ՝ ծրագրված Դ132,2 մլրդ-ի դիմաց։ Կառավարությունը պետբյուջեի ծախսային մասը թերակատարել է նաև 2011-ին՝ 5,3%-ով, 2010-ին՝ 2,3%-ով։

2012թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունում նշվում է, որ փաստացի ծախսերի շեղումը ծրագրից կազմել է Դ71 մլրդ, որից Դ46,1 մլրդ-ը բաժին է ընկել ոչ ‎ֆ‎ինանսական ակտիվների հետ գործառնություններին, Դ24,9 մլրդ-ը՝ ընթացիկ ծախսերին: Ծախսային ցածր կատարողականը ֆինանսների նախարարությունը բացատրել է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Շեղումը մասամբ պայմանավորված են եղել նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (60,6%), առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 97,1%։

Բյուջետային տնտեսումները իհարկե ողջունելի են, սակայն պետք է հաշվի առնել, որ ծախսերի թերակատարումը բացասական ազդեցություն է թողում տնտեսության աճի վրա։ Փաստացի ծախսային մասի թերակատարման հետևանքով 2012թ. հարկաբյուջետային քաղաքականության բնույթը եղել է զսպող։

Կառավարությունում անշուշտ գիտակցել են ծախսերի թերակատարման բացասական հետևանքները իրական տնտեսական աճի վրա, բայց ծախսերի մասով «գործադրի ժուժկալությունը» նպատակ է ունեցել սահմանափակել բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 3%-ը չգերազանցող մակարդակում։

Այսպես, պետբյուջեի պակասուրդը անցած տարի ծրագրված Դ132,2 մլրդ-ի փոխարեն կազմել է Դ59,9 մլրդ կամ ՀՆԱ-ի 1,5%-ը՝ ծրագրված 3,1%-ի և նախորդ տարվա 2,8%-ի դիմաց։ Ըստ ֆինանսների նախարարության՝ նման ցուցանիշը հնարավորություն է տվել զերծ մնալ արտաքին պետական պարտքի մակարդակի կտրուկ բարձրացումից և այն պահել ՀՆԱ-ի 37,9%-ի մակարդակում։

Կառավարությունը միջազգային ֆինանսական կառույցների, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի առջև պարտավորություն է ստանձնել կրճատել բյուջեի պակասուրդը, և այս հարցում նախապատվությունը տվել է ոչ թե եկամուտների ավելացմանը, այլ ծախսերի տնտեսմանը։

Մյուս կողմից՝ ծրագրելով բյուջեի դեֆիցիտը, կառավարությունում կանխատեսել են, որ 2012-ին անվանական ՀՆԱ-ն կկազմի Դ4,2 տրլն, այնինչ իրականում անցած տարի այն Դ3,98 տլրն է եղել։ Հասկանալի է, որ եթե կառավարությունը բյուջեն կատարեր Դ132,2 մլրդ պակասուրդով, այն կկազմեր ՀՆԱ-ի 3,3%-ը։

Կանխատեսվածից փոքր ՀՆԱ-ի ցուցանիշը կառավարությանը հնարավորություն է տվել արձանագրել, որ պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23,8%-ը՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 1,6, իսկ ծրագրվածը՝ 2,2 տոկոսային կետով։ Հարկային եկամուտները՝ ներառյալ պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, կազմել են ՀՆԱ-ի 22,1%-ը՝ նախորդ տարվա 20,6%-ի և ծրագրված 20,73%-ի դիմաց։

2012-ին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների և պետական տուրքերի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 18,8%՝ 1,4 տոկոսային կետով գերազանցելով կանխատեսված և 2,4 տոկոսային կետով՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները։ Կանխատեսվածի համեմատ 1,4 տոկոսային կետ գերազանցումը ամբողջովին պայմանավորված է ՀՆԱ-ի ավելի փոքր ցուցանիշով, քանի որ հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով հավաքագրման կատարողականը կազմել է 100,04%։

Ծրագրվածից 5,2%-ով ՀՆԱ-ի շեղումը կառավարությանը հնարավորություն է տվել հարկերի միևնույն ծավալի պայմաններում ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում։ Բայց եթե անվանական ՀՆԱ-ի ավելի փոքր ծավալը բերել է բյուջեյի եկամուտային մասը բնութագրող ցուցանիշների բարելավման, ապա պետական պարտքի հարցում այն բացասական ազդեցություն է ունեցել։

2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է $3,738 մլրդ կամ ՀՆԱ-ի 37,9%-ը։ Թեև արտաքին պարտքի ծավալը կանխատեսվածից $379 մլն-ով պակաս է եղել, արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը ծրագրվածը գերազանցել է 2 տոկոսային կետով։

Անցած տարի արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $239,4 մլն, որից $114,8 մլն-ը՝ կառավարության և $124,6 մլն-ը՝ ԿԲ պարտավորությունների գծով։ Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 9,6%՝ նախորդ տարվա 4,2%-ի դիմաց։ Արտաքին պարտքի սպասարկմանը հաշվետու տարում ուղղվել է կանխատեսվածի 91,3%-ը։ Վերջինս պայմանավորված է 6-ամսյա ԱՄՆ դոլարի Libor-ի, 6-ամսյա Euribor-ի և SDR-ի տոկոսադրույքների կանխատեսումային և փաստացի ձևավորված դրույքաչափերի տարբերությամբ։

Արմենակ Չատինյան

Մեկնաբանել