Հայոց բանակում զինվոր է մահացել. ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն…

Հայոց բանակում տեղի է ունեցել հերթական միջադեպը: ԼՂՀ պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «ապրիլի 19-ին, ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը»:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ`Րաֆֆիի ընտանիքին հայտնել են, որ կատարվածը ինքնասպանություն է:

«Որոշակի տեղեկություններ կան, որ տղայի հայրը Զեյթուն խանութի սեփականատերն է, նրանք երևանցի են և Րաֆֆին բանակ է զորակոչվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն տարածքային զինկոմիսարիատից»,- հայտնում է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ և ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը:

Րաֆֆիի մարմինը երթարկվելու է դիազննության, զինվորի հայրը դիազննությանը մասնակցելու համար ներգրավել է Հելսինկյան ասոցիացիայի՝ զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին: «Բանակն իրականում» նախաձեռնությունը այս մասին հայտարարել է և տեղեկացրել լրատվամիջոցներին, քանի որ, սովորաբար, խանգարում են թույլ տալ՝ մասնակցելու դիահերձությանը, ինչը շատ կարևոր է զինվորի մահվան իրական պատճառները պարզելու համար»:

Տեղի ունեցածը արդյո՞ք ինքնասպանություն է…Ակտիվիստի խոսքով՝ այս վարկածին չեն հավատում Րաֆֆի Մարաշլյանի հարազատները:

«Նորի՞ց ինքնասպանություն: Ես կարծում եմ՝ շատ ակնհայտ է, առողջ, նորմալ տղա է, չեմ կարծում, որ ապահով ընտանիքի տղան, որի հայրը սեփականատեր է, ինչ-որ խնդիրներ կարող էր ունենալ բանակում, գոնե ֆինանսական խնդիր նա հաստատ չէր ունենա: Արդյո՞ք հերթական բռնության և սպանության դրսևորումը չէ»,- ասում է Զառա Հովհաննիսյանը: