Երևանի ավագանու ընտրություններին հետևելու հայտ է ներկայացրել 14 կազմակերպություն

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել տեղական հասարակական տասնչորս կազմակերպություններ` շուրջ 1900 դիտորդով, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: Դիտորդների հավատարմագրման համար ամենամեծ թվով հայտեր է ներկայացրել «Համահայկական երիտասարդական ասոցիացիան»` 1020 դիտորդ:

Հայտ են ներկայացրել նաև «Հարմոնիա» կազմակերպությունը` 100 դիտորդ, «Ընտրական համակարգեր կենտրոնը»` 60, «Իրավակիրթ հասարակությունը»` 50, «Երիտասարդ ակումբների դաշնությունը»` 38 դիտորդ, «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ունիսոնը»` 7 դիտորդ, «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական կենտրոնը»` 9 դիտորդ, «Արմավիրի զարգացման կենտրոնը»` 68 դիտորդ,

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն` 94 դիտորդ, «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիան»` 32 դիտորդ, «Տարածքային զարգացումների և հետազոտությունների կենտրոնը»` 120 դիտորդ, «Համաչափ զարգացում համայնքային զարգացումը»` 129 դիտորդ, «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակությունը»` 60 դիտորդ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդը»` 90 դիտորդ:

Դիտորդների հավատարմագրումը կիրականացվի մինչև ապրիլի 25-ը: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին և կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երևանի ավագանու 65 տեղի համար:

Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: