ԱՄՆ-ը քննադատել է Թուրքիային մարդու իրավունքների ոտնահարման համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հանդես է եկել Թուրքիայում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները քննադատող զեկույցով, գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Այս տարի ԱՄՆ-ը մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում իրավախախտումների առնչությամբ Թուրքիային հատկացրել է 48 էջ:

Պետքարտուղարության նիստը գլխավորել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերին, որը հրաժարվել է այն հետաձգել Բոստոնի դեպքերի պատճառով: Այս տարվա զեկույցը իր խստությամբ տարբերվել է նախորդ տարիների զեկույցներից: Անդրադառնալով Թուրքիայում Էրգենեքոնի և Քրդական համայնքների միության (KCK) դեմ դատական գործընթացներին` զեկույցում ընդգծվում է երկրում արդարադատության դժվարամատչելիությունը, դատական գործընթացների քաղաքականացումը: Զեկույցի` Թուրքիային վերաբերող բաժնի 48 էջերում երկիրը քննադատվում է դատական գործընթացներն անհիմն երկարաձգելու, հետաքննությունների գաղտնիությունը չպահպանելու համար: Զեկույցում խոսվում է այն մասին, որ շատ լրագրողներ, գիտնականներ և գրողներ կառավարությանը քննադատելու համար ձերբակալվում են և երկար ժամանակ պահվում են բանտերում:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը քննադատելի է համարել այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչապետը և մյուս քաղաքական գործիչները դատական գործեր են հարուցում ցանկացածի նկատմամբ, ով քննադատում է իրենց: Զեկույցն անդրադարձել է նաև Թուրքիայում սոցիալապես անապահով խավերին անպաշտպան թողնելու, երկրի հարավ-արևելքում քրդերի, ինչպես նաև գյուղացիների և աշակերտների նկատմամբ հաճախ բռնի ուժ կիրառելու փաստերին:

Մեկնաբանել