Կառավարության ակտիվ մասնակցության շնորհիվ շահել են փոքր և միջին ձեռնարկությունները. Թաթուլ Մանասերյան

Վերջին շրջանում Հայաստանի կառավարությունն ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի տնտեսական կյանքին, ինչի շնորհիվ հիմնականում շահել են փոքր և միջին ձեռնարկությունները: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագետ, «Այընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Ես շատ եմ ցանկանում, որ մեր կառավարությունը շարունակի այդ ակտիվությունը և չսահմանափակվի մի քանի օրինակներով, քանի որ պետության անմիջական մասնակցությունը երկրի տնտեսական կյանքում շատ կարևոր է և տնտեսական զարգացման նոր հեռանկարներ է ստեղծում»,- ասել է նա:

Տնտեսագետի դիտարկմամբ` Հայաստանի կառավարությունը պետք է ուշադրություն հատկացնի նաև այլընտրանքային տնտեսական ծրագրերին: «Այդպիսի ծրագրերից հրաժարվել պետք չէ, քանի որ դրանցից կարելի է մեծ օգուտներ քաղել, եւ ճիշտ չէ մերժել այդպիսի ծրագրերը միայն նրա համար, որ դրանք այլ հեղինակի են պատկանում»,- ասել է նա՝ շեշտելով, որ Հայաստանը տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի, ուղղակի պետք է ճիշտ ուղիներ մշակել այն ամբողջովին օգտագործելու համար:

Մանասերյանը տեղեկացրել է, որ իր կենտրոնի ջանքերով մշակված մի շարք տնտեսական ծրագրեր ներկայացվել են կառավարություն՝ հույս հայտնելով, որ դրանք կարժանանան կառավարության ուշադրությանը և կյանքի կկոչվեն:

Խոսելով վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին` տնտեսագետը դրական է գնահատել տնտեսության 7 տոկոս աճի ապահովումը` միաժամանակ քննադատության արժանացնելով իրականացված պետական ծրագրերը: