Թուրքիայում ապրիլի 24-ին հարգանքի տուրք կմատուցվի Եղեռնի զոհերին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք կմատուցվի Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, տեղեկացնում է թուրքական Marksist.org կայքը:

Թուրքական լրատվական կայքը կոչ է արել թուրք ակտիվիստներին, լրագրողներին, ակադեմիկոսներին և արվեստագետներին ապրիլի 24-ին հավաքվել և մասնակցել «Թաքսիմ» հրապարակում նախատեսված ոգեկոչման արարողությանը: «Վերջին 100 տարիների ընթացքում այս հողերը շատ ցավ են տեսել: Անատոլիան, որը տարբեր ժողովուրդների խճանկար էր, միատարր ազգ ստեղծելու նպատակով գունազրկվեց, թոշնեց: Սկզբում ոչ մահմեդական ժողովուրդները խմբերով երկրից արտաքսվեցին, նրանցից վերցրին իրենց պատկանող գույքն ու սեփականությունը: Նրանք, ովքեր կարողացան մնալ, բռնի ձուլվեցին, իսկ ասիմիլիացիայի չենթարկվածները մերժվեցին կամ ոչնչացվեցին: Սակայն ամենասարսափելին տեղի ունեցավ այս հողերի ամենահին տերերի` հայ ժողովրդի հետ: 1915թ. ապրիլի 24-ից սկսած` բնաջնջման գործողությունը հայ ժողովրդին սրի մատնեց: Այս ողբերգական հիշողությունը չմոռանալու և մոռացության չտալու համար Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք հարգանքով խոնարհվելու նրանց հիշատակի առջև»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 24-ին Ստամբուլում հավաք տեղի կունենա «Թաքսիմ» հրապարակում, Անկարայում` «Սաքարյա» հրապարակում, իսկ Իզմիրում` «Բասմանե» հրապարակում: