Սիրիահայությունը խաղաղության, երկխոսության և չեզոքության կոչ է անում

Ապրիլի 19-ին Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հանդես է եկել տեսահաղորդագրությամբ, որում մեկ անգամ ևս հստակեցրել է Հայկական համայնքի դիրքորոշումը Սիրիական ճգնաժամի և վերջին զարգացումների շուրջ։ Ներքևում ներկայացնում ենք հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը:

Եղբայրական ողջույն,

Երկու տարի շարունակ Սիրիայում ծավալող իրադարձությունների շուրջ մենք անկեղծ ու հստակ էինք մեր նախորդ հայտարարություններում, նամակներում ու գնահատականներում։ Հաշվի առնելով վերջին զարգացումները և բարձրացվող որոշ հարցադրումներ՝ տեղին ենք համարում վերահաստատել այն, ինչ բազմիցս արդեն ասվել է։ Միգուցե սա նպաստի, որ ավելի հստականա մեր կեցվածքը և ամրապնդվեն ջանքերը, որոնց կարիքը ունի հայրենիքը և քաղաքացին այս տագնապը հաղթահարելու համար։

Հաստատում ենք, որ՝

Առաջնահերթություններից կարևորագույնը երկրի և քաղաքացու անվտանգությունն է։

Սերը քաղաքացիության, իսկ դիմացինին ընդունելը և հարգելը, ինչպես նաև հանդուրժողականությունը ազգի տարբեր զավակների համակեցության հիմքում է։

Երկխոսությունը ազնիվ արժեք է և քաղաքակիրթ միջոց հնարավոր լուծումների ճանապարհին։ Բռնությունը միայն նոր բռնություն է ծնելու։

Սիրիական զենքը վահան է հայրենիքին և քաղաքացիներին սպառնացող ամեն վտանգի դեմ։ Երկրի զավակները եղբայրներ և գործակիցներ են հայրենիքը կերտելու և նրա արժեքը բարձր պահելու գործի մեջ՝ ի բարօրություն բոլորի։

Երկրի և ժողովրդի միասնությունը քաղաքակրթական արժեք է, ինչը բազմիցս ապացուցել է Սիրայի պատմությունը։ Հետևաբար, պահպանենք այդ՝ ձեռք ձեռքի տալով և կուռ կամքով։

Մեր ապագան մենք կորոշենք ազատաբար, ազգային բացարձակ ինքնիշխանությամբ և իրատեսական անկեղծ հայացքով՝ հաշվի առնելով նկատվող բացասական որոշ զարգացումներ։ Սա է մեր ճանապարհը, և այսպես մենք պետք է շարունակենք մեր երթը մինչև մեզ բոլորիս գոհացնող և մեզ բոլորին արժանի ապագայի կերտումը։

Մնաք բարով:

Տեսագրությունը կարող եք դիտել այստեղ` https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=KYVd1evcHEU