Ապրել երկիրը

Երկի՛ր, երկիր չես, շպրտեցի ես։ Ձայնը գնաց։ Չվերադարձավ։ Չարձագանքեց էլ։ Կորավ խորը անորոշության մեջ։ Իսկ ես սպասում էի, որ հետ կգա։ Ու ինչ-որ բան կասի։ Ինչ կասի, կարևոր չէ։ Ասելիքը միայն ինքը գիտի…

Սպասել պետք չէր երևի։ Ապրել էր պետք։ Պետք չէր կտրվել երկրից։ Սկզբում կտրվում ես, հետո չես զգում, հետո սկսում ապրել երկրի մեջ, որը քոնն չէ։ Բոլորինն է, մյուսներին է, ամենքինն է՝ միայն քոնը չէ։ Ինչու քոնը չէ՝ մոռացել ես էլ։ Ինչ-որ մի պահի գիտեիր, զգում էիր, ապրում էիր՝ ինչու քոնը չէ, հիմա արդեն չես էլ հիշում, չես էլ հիշի։

Կորցրել ես կապը, էությունը, այն զգալու կարողությունը։ Դու ես կորցրել, թե նա է կորել, էլ կարևոր չէ։ Դու էլ հողի վրա չես։ Եթե քայլում էլ ես, ոչ հողի վրա։ Ու մոլորվել ես։ Ե՞րբ ես մոլորվել, դա էլ ես մոռացել։ Ժամանակն ես ընդհանրապես մոռացել։ Այնքան վաղուց ոչ մի բան չի կատարվել, որ ժամանակն էլ կարևոր չէ։ Ընթացքն էլ չես զգում։

Ապրում ես, իհարկե, ինչ-որ բան ես անում, ուզում ես, փորձում ես, հաջողվում է կամ՝ ոչ այնքան։ Բայց իմաստ չունի, նպատակ չունի։ Եթե ունի էլ՝ ապա այնքան խորն է ու այնքան հեռու, որ նրանց գոյության մասին մտքովդ անգամ չի անցնում։

Ու սպասում ես։ Ինչի ես սպասում. ինքդ հաստատ չգիտես։ Ենթադրում ես, որ աստված գիտի։ Հետո պարզվում է՝ աստված էլ չգիտի։ Ու զարմանում ես։ Զարմանում, որ ամենքը ինչ-որ բան գիտեն, իսկ դու չգիտես։ Մի՞գուցե ամենքն էլ քո պես են։ Ով գիտի։

Հետո գալիս է չարանալու հերթը։ Սկզբում ինքդ քո մեջ ու քեզ վրա, ավելի ուշ՝ շրջապատի ու երկրի վրա, հետո՝ ամենքի վրա, հետո՝ աշխարհի, հետո՝ հասկանում ես, իզուր էր այդ ամենը։ Ամեն ինչ էր իզուր։

Ու մտածում ես՝ չէ, երևի երկիր վերադառնալ է պետք։ Երևի «բարիշել» է պետք երկրի հետ։ Երկիրը ապրել է պետք։ Զգալ է պետք։ Վերապրել է պետք։ Մնացածը ինքնին կգա։ Սկզբում երևի ինքդ կգաս, հետո կյանքը, հետո իմաստը, վերջում էլ միգուցե երկիրը գա։

Չնայած՝ միևնույն է…