Բոստոնում պայթուցիկի վնասազերծման գործում ռոբոտ է օգտագործվել

Բոստոնի ոստիկանությունը մարաթոնյան վազքի ժամանակ իրականացված պայթյունների կազմակերպման կասկածյալի` ծագումով Չեչնիայից 19-ամյա Ջոխար Ցարնաևի ձերբակալման ընթացքում օգտագործել է ռոբոտ-սակրավոր: Ինչպես հաղորդում է Mashable-ը, այս մասին հայտարարել են Բոստոնի ոստիկանները լրագրողների հետ հանդիպմանը:

Ականատեսների կատարած լուսանկարում ցուցադրված է ոստիկանության ռոբոտի գործողությունը, որը հետախուզում է իշխանությունների կողմից հետապնդվող և կասկածելի Honda մակնիշի ավտոմեքենան, որում ենթադրաբար տեղադրված էր պայթուցիկ սարք:

Ինչպես նշել է iRobot ընկերության խոսնակ Չարլի Վայդան Mashable-ի հետ զրուցում, Բոստոնի ոստիկանությունը ականապատ ավտոմեքենայի վնասազերծման նպատակով օգտագործել է իրենց ընկերության արտադրանքը` PackBot ռազմական ռոբոտը: Վայդայի խոսքով` ներկայում իրենք բանակցում են տեղի իշխանությունների հետ’ հաստատելու այս գործում ռոբոտի հետագա լրացուցիչ ներգրավվածությունը:

Նշենք, որ երկրորդ կասկածյալը` Ջոխարի ավագ եղբայր Թամերլանը, սպանվել էր լույս ապրիլի 19-ին։

Բոստոնում մարաթոնյան վազքուղու վերջնագծի մոտ ապրիլի 15-ի գիշերը որոտացել էր երկու պայթյուն, որոնց հետևանքով զոհվել էր երեք մարդ, ավելի քան 170-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։