Տոտենհեմը Բեյլի դիմաց 100 մլն ֆունտ է պահանջում

«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին հասկացրել է, որ պատրաստ է վաճառել թիմի առաջատար Գարեթ Բեյլին միայն աստղաբաշխական գումարի դիմաց: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի տվյալներով` լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 100 մլն ֆունտ ստերլինգ, ինչը 20 մլն-ով ավելի է, քան 2009թ.-ին Կրիշտիանո Ռոնալդուի համար «Ռեալի» վճարած գումարը: Սակայն եթե «Տոտենհեմին» չհաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ուելսցին կարող է հեռանալ ավելի քիչ գումարի դիմաց:

Անձամբ Բեյլը մի քանի անգամ հայտարարել է, որ կմնա «Ուայթ Հարթ Լեյնում», եթե թիմը Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն ստանա:

Նշենք, որ Գարեթ Բեյլի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»: