Իրավապաշտպանները սիրիական բանակին մեղադրում են զանգվածային սպանության մեջ

Դամասկոսի արվարձանում հայտնաբերվել են դիեր՝ նվազագույնը 450 սպանված։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը։ Սիրիացի ամպստամբները վստահեցնում են, որ այդ բոլոր մարդիկ, ներառյալ՝ կանայք և երեխաներ, սպանվել են սիրիական բանակի՝ Ջիդաիդեթ ալ Ֆադլ արվարձանը գրոհելու ժամանակ։ Այլ տվյալների համաձայն՝ սպանվածների թիվը 85 է, հաղորդում է Euronews-ը։

Միաժամանակ տեղեկատվություն է ստացվում սիրիական ընդդիմության ղեկավարության ներսում առկա հակասությունների մասին․ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Մուազ ալ Խատիբը արդեն երկրորդ անգամ հրաժարական է ներկայացրել։ Ստամբուլում՝ «Սիրիայի բարեկամներ խմբի»՝ հանգաստյան օրերին տեղի ունեցած հանդիպմանը, խոստանալով կրկնապատկել ռազմական սարքավորումների մատակարարումները ապստամբներին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մտավախություն է հայտնել, որ զենքը կարող է ընկնել ահաբեկչական խմբավորումների ձեռքը։

«Սիրիայի բարեկամներ խմբի» հանդիպմանը ընդհանուր առմամբ ևս մեկ անգամ մատնանշվել է հնարավորինս արագ գործելու անհրաժեշտությունը՝ երկրում արդեն երկու տարի շարունակվող արյունահեղությունը դադարեցնելու համար։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 70 հազ․ մարդ։

Մեկնաբանել