«Ավազամրոցի աղջիկները». հետահայաց ճանապարհորդություն

Ապրիլի 18-ին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում Քրիս Բոհջալյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը:

«Խորապես հուզիչ պատմություն փրկության ու սիրո մասին», – այսպես լակոնիկ է նկարագրել USA Today թերթը «Ավազամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) վեպը: Գրող և սյունակագիր Քրիս Բոհջալյանի այս՝ թվով տասնհինգերորդ գիրքը ակնհայտ տարբերվում է նախորդներից իր ոճով ու աշխարհագրությամբ: Թեև նախորդ գրքերը նույնպես արժանացել են բեսթսելերի կոչման, սակայն «Ավազամրոցի աղջիկները» ուղղակի ցնցել են գրքի ամերիկյան շուկան՝ այդ կոչումը ստանալով միանգամից ութ պարբերականների կողմից:

Ապրիլի 18-ին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում Քրիս Բոհջալյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը: Սա գրքի փափուկ կազմով տպագրությանը նվիրված ԱՄՆ-ով շրջագայության հերթական կանգառն էր:

Քրիս Բոհջալյանի հայրը ԱՄՆ ներգաղթողների առաջին սերնդի ներկայացուցիչ էր և շատերի նման ցանկանում էր դառնալ լիիրավ ամերիկացի: Այս ճանապարհը զոհաբերություն էր պահաջում սեփական լեզվից հրաժարվելու հաշվին, ինչի հետևանքով Քրիսն այդպես էլ չսովորեց հայերեն։ Այս առումով նա շատ նմանություններ ունի մեկ այլ ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի հետ, որը հանրահռչակ դարձավ վերադառնալով իր հայկական արմատներին։ Զարմանալիորեն Քրիս Բոհջալյանի հայկական մասնիկը նրա մեջ դեռ մանկությունից ներարկել էր մայրը՝ հարյուր տոկոսով շվեդուհի, որին Բոհջալյանների հայկական ավանդական ընտանիքն ընդունել էր գրկաբաց:

«Ավազամրոցի աղջիկները» վեպը ճանապարհորդություն է արդի ժամանակների և Հայոց ցեղասպանությանն անմիջապես հաջորդող տարիների միջև: Մի կողմում գրող՝ նյույորքաբնակ Լաուրա Պետրոսյանն է, որի համար հայ լինելը միայն ազգանունն էր, մյուս կողմում՝ ամերիկացի հարուստ ընտանիքի զավակ Էլիզաբեթ Էնդիքոթի և ցեղասպանության ժամանակ կնոջն ու դստերը կորցրած ճարտարագետ Արմեն Պետրոսյանի պատմությունը:

Հետաքրքրությունն իր տատիկի և պապիկի անցյալի մութ էջերի նկատմամբ Լաուրայի մոտ արթնանում է, երբ ընկերներից մեկը բոստոնյան թանգարաններից մեկում ցուցադրության բացման ժամանակ թերթում գտնում է Էլիզաբեթ Էնդիքոթի լուսանկարը: Էլիզաբեթը՝ ավարտելով քոլեջը «Հայաստանի բոստոնյան բարեկամներ» միության աջակցությամբ, բուժքույրական դասընթացներ է անցնում, և մի քանի հայերեն բառ սովորելով՝ ուղևորվում Սիրիա: Այստեղ Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերին անհրաժեշտ է սնունդ ու դեղամիջոցներ: Սիրիայում նա հանդիպում է Արմենին, որը հետագայում միանում է Եգիպտոսում բրիտանական բանակին:

«Իրականում սա Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիրք գրելու իմ երկրորդ փորձն է: Մոտ քսան տարի առաջ դա 360 էջանոց վեպ էր, որը հասկացա, որ չպետք է տպագրեմ, և նույնիսկ իմ կինը համաձայնեց ինձ հետ», – անկեղծանում էր հեղիկանը: Տարիներ անց որոշելով վերադառնալ Մեծ եղեռնի թեմային՝ Քրիս Բոհջալյանը ճանապարհորդում է Սիրիա, Լիբանան, Արևմտյան Հայաստան ու Հայաստանի Հանրապետություն։ Մի քանի տարի անց լույս է տեսնում «Ավազամրոցի աղջիկները», ուր միահյուսվել են սեփական պապի փորձի կտորները, տատիկի և պապիկի տանը լսած պատմություների պատառիկները ու դրվագներ սեփական կյանքից:

Երբ 2003թ. լույս տեսավ Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response) գիրքը, դժվար էր ենթադրել, որ այն կդառնա ամերիկյան ժամանակակից հասարակության մոտ Հայոց ցեղասպանության ընկալման ձևավորման հիմնական աղբյուրը։ Եվ եթե Բալաքյանին դա հաջողվել էր անել կիսավավերագրական ոճի մեջ, ապա այսօր Քրիս Բոհջալյանի «Ավազամրոցի աղջիկները» փորձում են համալրել այդ պատկերացումների ներքնապնակը արդեն իսկ դասական վեպի միջոցով։ Եթե այն հաջողվի, կլինեն նաև այլ գործեր։ Իսկ դա չափազանց կարևոր է։

Անահիտ Մինասյան, Նյու Յորք

Մեկնաբանել