«Նախախորհրդարանն» արտագնա խորհրդակցություն է անցկացրել Գյումրիում

2013թ. ապրիլի 20-ին «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Գյումրիում, որին խորհդակցական ձայնի իրավունքով մասնակցում էին նաև Գյումրիում բնակվող համակիրներից, ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրվա քաղաքական իրավիճակի, համաժողովրդական շարժման հետագա զարգացումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև «Նախախորհրդարանի» գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր:

Խորհրդակցությունից հետո տեղի է ունեցել «Նախախորհրդարանի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանել են Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Սյուզան Սիմոնյանը և Եղիա Ներսիսյանը:

Մամլո ասուլիսին հաջորդել է «Նախախորհրդարանի» անդամների և Գյումրիում բնակվող նրա համակիրների հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում, որտեղ համակիրներին հուզող հարցերին պատասխանել են Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Եղիա Ներսեսյանը, Բաբկեն Մկրտչյանը և Արմեն Ներսիսյանը: Բուռն քննարկման ժամանակ նախանշվել են հետագա գործակցության անհրաժեշտ քայլեր, որից հետո ձևավորվել են աջակիցների խմբեր` տեղում պայքարը համակարգելու նպատակով:

Գործնական այս միջոցառումներից հետո Տիրամայր Հայաստան դահլիճում «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրել է Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը, որը ընդունվել է մեծ ոգևորությամբ:

«Նախախորհրդարանի» անդամներից բաղկացած խումբը ուշ երեկոյան հրաժեշտ է տվել Գյումրիին հաջորդ այցելության հստակ ծրագրով:

Մեկնաբանել