ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմադիր հռչակի, կարծում է Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հայաստանի նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը կարծում է, որ ԲՀԿ-ն պետք է փոխի իր կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր: Այս առթիվ Օսկանյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

Փաստ է, որ Հայաստանի ծանր վիճակի գլխավոր պատճառը քաղաքական մենաշնորհն է: Իշխանություններից բացի՝ բոլորն են խոսում դրա մասին: Կարելի է ասել, որ այդ մենաշնորհի վերացումը և քաղաքական դաշտում իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների ստեղծումը դարձել է ոչ իշխանական ուժերի հնարավոր համագործակցության գլխավոր գրավականը:

Երևան քաղաքի իշխանությունը վերցնելու միջոցով՝ մենք առաջին կարևոր քայլը արած կլինենք քաղաքական համակարգում այդ հակակշիռների մեխանիզմի ստեղծման ճանապարհին, առանց որի պարզապես անհնար է երկրում ժողովրդավարություն հաստատել և տնտեսական զարգացում ապահովել:

Իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում ես մի անգամ անդրադարձել էի կառավարման ձևերի շուրջ առկա տարբեր փիլիսոփայական մոտեցումներին: Կուզենայի այդ միտքը կրկին մեջբերել.

«Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսևորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսը իր «Լեվիաթան» (1651թ.) աշխատությունում գովերգում է միահեծան և ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: «Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան և անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս»:

Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում էր, որ մարդկանց խառնվածքը և բնավորությունը ձևավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ և հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության և սեփականության: Իշխանության գոյության և գործունեության իմաստը և նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, և ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել: Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա»:

Ահավասիկ, կառավարման համակարգում այսպիսի կիրառական ոստյուն կատարելու համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք նորովի սահմանել և արժևորել ընդիմության տեղն ու դերը ժողովրդավարության ձգտող Հայաստանի նման երկրի համար: Արդյունավետ քաղաքական հակակշիռներ ունենալու համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը ուժեղ լինի, ունենա այլընտրանքային հստակ գաղափարական հենք, ծրագիր, անընդհատ ձգտի իշխանության, բայց միաժամանակ պատրաստ լինի հետապնդելու ազգային շահերը և երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար երկխոսության մեջ մտնելու քաղաքական հակառակորդների հետ:

Արդյունավետ ընդդիմություն կարելի է ունենալ միայն այն պայմաններում, երբ քաղաքական ուժը կամ ուժերը ամբողջությամբ չեն փակում իշխանության հետ երկխոսության մեջ լինելու բոլոր դռները, ոչ էլ իրենց ամեն մի ընդդիմադիր թվացող քայլ կուլիսներում համաձայնեցնում են իշխանության հետ:

Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:

Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին: