Պարագվայի նորընտիր նախագահը՝ միլիոնատեր և ծխախոտային մագնատ

Պարագվայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների հաղթող է հայտարարել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ 56-ամյա միլիոնատեր Օրասիո Կարտեսին, հաղորդում է Reuters-ը։

Համաձայն պաշտոնական արդյունքների՝ Կարտեսը ստացել է ընտրողների ձայների 45,92%-ը։ Նրա գլխավոր մրցակից՝ իշխող Իրական լիբերալ-արմատական կուսակցության թեկնածու Էֆրաին Ալեգրեի օգտին քվեարկել է քաղաքացիների 36,85%-ը։ Նա արդեն ընդունել է իր պարտությունը՝ հայտարարելով, որ իր համախոհներն իրականացրել են ձայների սեփական հաշվարկը, որը նույնպես հաստատել է իր քաղաքական ընդդիմախոսի հաղթանակը։

Ալեգրեն Պարագվայի քաղաքացիներին շնորհավորել է ընտրական բարձր ակտիվության կապակցությամբ՝ նշելով, որ «ժողովուրդն արել է իր ընտրությունը, և այն պետք է հարգել»։

Կարտեսի հաղթանակը նշանավորում է աջակենտրոն «Կոլորադո» կուսակցության վերադարձը իշխանության, որը մինչև նախորդ ընտրությունները Պարագվայում կառավարել էր 61 տարի շարունակ։

Օրասիո Կարտեսը քաղաքականությունում նորեկ է համարվում։ Նա քաղաքականությամբ սկսել է զբաղվել ընդամենը չորս տարի առաջ՝ հարելով «Կոլորադո» կուսակցությանը, որի թեկնածուն 2008թ․ նախագահական ընտրություններում պարտվել էր։

Հասնելով հաջողության բիզնեսում, Կարտեսն այժմ հույս ունի իր փորձն օգտագործել երկրի (որի բնակչության մոտ 40%-ը աղքատության մեջ է ապրում) կառավարման մեջ։

Ընտրված նախագահը խոստանում է իրականացնել ագրարային բարեփոխում, ապահովել տնտեսական աճ՝ նպաստելով օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։

Օրասիո Կարտեսն իր առաջնահերթ խնդիրներից է համարում երկրի դուրսբերումը քաղաքական մեկուսացումից, որում այն հայտնվել է խորհրդարանի՝ օրինական ճանապարհով ընտրված նախագահ Ֆերնանդո Լուգոյին անցյալ տարվա հունիսին հայտարարած իմփիչմենթից հետո։ Այդ ժամանակ Լատինական Ամերիկայի շատ երկրներ այդ իրադարձությունները գնահատել էին որպես պետական հեղաշրջում և հետ էին կանչել իրենց դեսպաններին։

Կարտեսը միլիոնատեր է դարձել՝ շնորհիվ ծխախոտային բիզնեսի․ նա Tabacos del Paraguay ծխախոտային կայսրության ղեկավարն է։ Կարտեսը հայտնի է նաև՝ որպես ֆուտբոլային հաջող մենեջեր։ Սիրում է զբաղվել որսորդությամբ և ձկնորսությամբ։

Պարագվայի նորընտիր նախագահը հայտնի է նաև որպես աբորտների և միասեռ ամուսնությունների մոլի հակառակորդ։