«Ժառանգության» ակցայի մասնակիցները մերժեցին դատախազի հրավերը

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Ապրիլի 22-ին` ժամը 11:30-ից Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց «Ժառանգության» ներկայացուցիչները կազմակերպել էին բողոքի ակցիա` ի պաշտպանություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, որին հրավիրել էին ՀՔԾ հարցաքննության` ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ:

Ակցիա մասնակիցները կրում էին կարմիր վզկապներ` ի նշան Արմեն Մարտիրոսյանի ապրիլի 9-ի «թափած արյան»:

«Չիբուրաշկան ոստիկան չի», «Վերջ սադիստական ոստիկանությանը», «Հայ ոստիկան, թե ստրուկ մլիցա», «Ոստիկան մաքրվիր բիզոնից» պաստառների կողքին ակցիայի մասնակիցները տեղադրել էին նաև ոստիկանի խրտվիլակ` «Դատապարտենք ոստիկանին» գրությամբ:

«Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք այստեղ են` ցույց տալու, որ հետամուտ են այս գործի բացահայտմանը:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին մոտեցավ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը և փոխանցեց ցուցարարներին, որ դատախազ Աղվան Հովսեփյանն իր մոտ է հրավիրում նրանց: Վերջիններս սակայն մերժեցին հրավերքը` նշելով, որ իրենք կսպասեն Արմեն Մարտիրոսյանի հարցաքննության ավարտին: «Մենք այս պահին դատախազին բան չունենք ասելու, մեր բողոքն ուղղված է ՀՔԾ-ի դեմ»,- ասաց Բախշյանը: