Աշոտյանի արձագանքը Օսկանյանի գրառմանը

Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում անդրադարձել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը` «ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմադիր» հռչակի: Աշոտյանի գրառումը ներկայացված է ստորև:

Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում:

Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում:

Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել:

1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե`

ա. Իշխանությունները ձևավորվել են համապետական ընտրությունների արդյուքնում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը:

բ. ՀՀ Կառավարությունը կոալիցիոն է, բաղկացած երկու կուսակցություններից:

գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում:

դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջևանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում` չհաշված մոտ հարյուր գյուղապետեր:

2. Հայաստանի իշխանությունները իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:

3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:

4. Եվ ամենակարևորը, ինչու՞ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց և չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչու դա չանել մինչև սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչև ԱԺ աշնանային նստաշրջանը:

Հ.Գ. Ասեմ նաև, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:

Հետևաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է և ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը: