Երևանի ընտրությունների անցկացմանը կհետևի ոստիկանության համակարգող խումբը

ՀՀ ոստիկանության պետի` 2013թ. մարտի 22-ի հրամանով` մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010) 54-69-12 և (010) 54-69-14 հեռախոսահամարները: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաև համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է և առաջնորդվում է նույն սկզբունքով` անհետևանք չի մնա ոչ մի ահազանգ, տեղերից ստացվող ոչ մի տեղեկատվություն:

Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին` նպատակ ունենալով համատեղ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: Ոստիկանությունը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը և ակնկալում նաև նրանց աջակցությունը:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից:

Ոստիկանությունը մշտապես շեշտել է իր վերքաղաքական և վերկուսակցական լինելը` գործով ապացուցելով, որ իր խնդիրը հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի և հասարակական շահի առաջնահերթության վրա:

Մեկնաբանել