Facebook Home-ը բեռնվել է ավելի քան 500 հազ. անգամ

Facebook-ի Home բջջային ծրագրի թողարկումից մոտ մեկ շաբաթ անց Google Play օնլայն խանութից այն ներբեռնվել է 500 հազ. անգամ, հաղորդում է The Next Web-ը (TNW)` վկայակոչելով փորձագետ Բենեդիկտ Էվանսի թվիթերյան հաղորդագրությունը:

TNW-ի փորձագետների կարծիքով` կես միլիոն բեռնման ցուցանիշը այնքան էլ նշանակալի չէ սոցցանցի համար, որի լսարանը գերազանցում է 1 մլրդ-ը: Մյուս կողմից` բջջային ծրագիրը դեռ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգով աշխատող մի քանի բջջային սարքավորումների համար:

Նշենք, որ լուսանկարների փոխանակման Instagram բջջային ծրագիրն իր թողարկումից հետո ընդամենը 24 ժամում բեռնվել էր 1 մլն անգամ:

Հիշեցնենք, որ Google Play-ում Home-ը ընդհանուր 834-ից ստացել էր 398 բացասական արձագանք (հնարավոր հինգ աստղից մեկը), ինչը կազմել էր գնահատականների 47,7%-ը: Ծրագրի ընդհանուր գնահատականը կազմել էր 2,3 աստղ: Համեմատության համար նշենք, որ Facebook Messenger-ը գնահատվել էր 4,4 աստղ, իսկ հենց Facebook-ի բջջային ծրագիրը` 3,6 աստղ:

Facebook սոցցանցն ապրիլի 4-ին ներկայացրել էր Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար նախատեսված Facebook Home ինտերֆեյսը (միջերեսը):