Տ. Սարգսյանը մասնակցել է «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհը թևակոխել է մի փուլ, որին բնորոշ են արագ փոփոխությունները և մեր երիտասարդները պետք է ունակ լինեն չկորցնել ինքնությունը:

«Մենք մեր պետության ներսում ձևավորում ենք այնպիսի հիմքեր, որոնք երաշխավորելու են հայ երիտասարդի ձգտումը՝ պահպանել իր ազգի արժեքները և ապահովել նրա հարատևությունը: Այդ տեսակետից, այսօր գոյատևման կարևոր պայքար է մղվում Լեռնային Ղարաբաղում: Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի խնդիրն է: Արցախի խնդրի ընկալումը երիտասարդության կողմից բնորոշում է այն, թե ինչպիսի ապագա ենք մենք ունենալու, քանի որ մենք համախմբված, միասնական ձևով միայն կարող ենք հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ունենալով հզոր բանակ՝ առաջին անգամ մեր ժողովուրդը հնարավորություն ունի երաշխավորել մեր ազգի անվտանգությունն իր սեփական ռազմական ուժերով, ինչն էլ մեր անվտանգության ապահովման ամենահուսալի երաշխիքն է:

«Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է և այստեղ է, որ հայ ժողովուրդն ունի հարաբերական առավելություն»,- ասել է կառավարության ղեկավարը` կարևորելով նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամի աշխատանքները, որը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող յուրաքանչյուր հայի ուսումը:

Տիգրան Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդներին հիշեցրել է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է և համոզմունք հայտնել, որ նրանք խորացնելով մայրենի լեզվի իմացությունը՝ կկարողանան այս կարևոր գաղափարը հաղորդել ապագա սերունդներին:

Ապրիլի 22-24-ն անցկացվող համահայկական այս համաժողովին մասնակցում են 500 երիտասարդներ աշխարհի 30 երկրներից: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջադրվեն նոր լուծումներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ: