Ջոն Էվանսը Ֆրեզնոյում կմասնակցի Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այս շաբաթ կոգեկոչեն մի շարք միջոցառումներով, այդ թվում` 2004-2006 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Մարշալ Էվանսի այցով: Այս մասին հաղորդում է fresnobee.com կայքը` նշելով, որ 1915-1923 թթ. ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել Օսմանյան կայսրության կողմից, իսկ ԱՄՆ կառավարությունն այդ էթնիկ զտումները դեռ չի որակել «ցեղասպանություն»:

«Ցեղասպանություն բառը «ոչ պատշաճ» եզրույթ էր և կատարվածի պատմությունը տաբու էր, որ անգամ չէր կարելի քննարկել»,- ասել է Էվանսը:

Էվանսն առաջին անգամ այդ տաբուն վիճարկել է 2005թ. Կալիֆոռնիայում, որտեղ նա առաջին անգամ բարձրաձայնել է Օսմանյան կայսրության հարձակումները որպես ցեղասպանություն:

«2005թ. փետրվարին Կալիֆոռնիայում հանրության հետ առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո ես վերադարձա Հայաստան որպես դեսպան, բայց ինձանից պահանջեցին հայտարարություն անել տպավորություն ստեղծելու համար, որ այն ինչ ես ասել եմ` «ոչ պատշաճ էր»»,- ասել է Էվանսը՝ հավելելով, թե թեմայի տաբու լինելու փաստը նշանակում էր, որ այն չէր կարող նույնիսկ քննարկվել, ինչը, ըստ նրա, պետք է փոխվեր, եթե նույնիսկ ինքը զրկվեր աշխատանքից:

Էվանսը հետ էր կանչվել Հայաստանից մինչև իր դիվանագիտական առաքելության երեք տարին լրանալը: Նա հանգստի էր անցել Ցեղասպանության մասին խոսելուց 18 ամիս անց:

Էվանսը սակայն շարունակում է խոսել Ցեղասպանության մասին և կոչ է անում բոլորին դեմ առ դեմ կանգնել պատմության դժվարին իրողությունների հետ: