Կարևոր քայլը հայերից ներողություն խնդրելն է

Թուրքական Zaman օրաթերթը ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախօրեին, հարցազրույց է հրապարակել թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ Թաներ Աքչամի հետ: Աքչամի իրատեսական ու թուրքական իշխանություններին մեղադրող դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում և բազմաթիվ գրքերն ու հրապարակումները քաջ հայտնի են և՛ թուրք, և՛ միջազգային ընթերցողին: Այդ հայացքների համար նա դատապարտվել է և ստիպված հեռացել Թուրքիայից՝ չդադարեցնելով իր ուսումնասիրությունները և հրապարակումները հեղինակավոր գիտական հանդեսներում: Հարցազրույցն ուշագրավ է այն առումով, որ տպագրվում է Թուրքիայի ամենամեծ տպաքանակ ունեցող և իշխանությունների հովանավորությունը վայելող պարբերականի և՛ անգլերեն, և՛ թուրքերեն տարբերակներում: Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին նման հարցազրույցի հրապարակումը վկայում է թուրքական իշխանությունների առնվազն լուրջ հետաքրքրության մասին: Իհարկե, դեռևս վաղ է եզրակացնել Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների դիրքորոշման փոփոխության մասին, սակայն Zaman-ում իր սկզբունքայնությամբ հայտնի Թաներ Աքչամի հարցազրույցի հրապարակումը մտորումների տեղիք է տալիս: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացված է ստորև:

-1915թ. Օսմանյան կայսրությունից որքա՞ն հայ է տեղահանվել:

Թալեաթ փաշային վերագրվող «Տեղահանության տետրում» աքսորի ենթարկված հայերի թիվը 924.158 է: Մեր ձեռքի տակ եղած օսմանյան արխիվներից պարզ է դառնում, որ այդ գրքույկը փաշան հավանաբար ավարտել է տվել 1918թ. սկզբներին: Այդ իսկ պատճառով այդտեղ առկա թվերը պետք է համարել աքսորի ենթարկվածների իրական թվին ամենամոտը: Սակայն ցուցակում կարևոր բացթողումներ կան: Այդ ցուցակին նայելու դեպքում պարզ կդառնա, որ վերոնշյալ ցուցակում բացակայում է Ստամբուլից, Էդիրնեից, Այդընից (Իզմիր), Բոլուից, Քասթամոնուից, Չանաքքալեից, Քոթահիայից, Ուրֆայից և մոտավորապես 15 այլ վայրերից 1915թ. աքսորի ենթարկված հայերի թիվը: Այս քաղաքներից աքսորի ենթարկվածներին էլ ավելացնելու դեպքում, կարող ենք ասել, որ տեղահան է արվել շուրջ 1.2 մլն. հայ:

Տեղահանության ժամանակ որքա՞ն հայ է մահացել:

-1918թ. նոյեմբերին իթթիհատականների փոխարեն իշխանության եկած օսմանյան նոր կառավարությունը հանձնաժողով է ստեղծում հայերի կորուստներն ուսումնասիրելու համար: Այս հանձնաժողովը 1919թ. մայիսին հրապարակում է իր ստացած տվյալները: Հանձնաժողովի տվյալների համաձայն` մահացած հայերի թիվը կազմում է 800 հազ.: 1928թ. Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Առաջին աշխարհամարտի զոհերի մասին գիրք է հրատարակում: Գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն, Առաջին աշխարհամարտի ընթացքում 800 հազ. հայեր և 200 հազ. հույներ աքսորի ընթացքում սպանվել են կամ մահացել, ինչպես նաև զոհ գնացել բանվորական գումարտակներում: Այս թվի մեջ ներառված չէ 1918-ից հետո սովից, հիվանդությունից և Կովկասում ջարդերից մահացածների թիվը: Ամբողջ թվերը միավորելու դեպքում կհասնենք կորուստների 1 միլիոն թվին :

Ինչպե՞ս են տեղի ունեցել մահվան դեպքերը :

-Ամենաքիչը կարելի է 4-5 մեթոդ մատնանշել: Առաջին մեթոդը գիտենք Տրապիզոնի, Սամսունի, Օրդուի օրինակներով. հայերին նստեցնում էին մակույկների մեջ և լցնում ծովը: 1918թ. հոկտեմբերին, երբ իթթիհադականները կորցնում են իշխանությունը, խնդրի վերաբերյալ օսմանյան մեջլիսում բաց քննարկումներ են ծավալվում: 1918թ. դեկտեմբերի 11-ի նիստում ինքն իրեն ազգայնական կոչող Տրապիզոնի պատգամավոր Մեհմեթ Ալի բեյը ասում է, որ ականատես է եղել, թե ինչպես են հայերը ծովը թափվում և խեղդվում:

Ես ինքս այս դեպքը, այսինքն մի իսկական հայկական դեպք եմ տեսել, ասելուց հետո, ավելացնում է. «Օրդուի գավառում մի կայմակամ կար, հայերին Սամսուն տանելու պատրվակով նստեցրեց մակույկները և հետո նրանց ծովը թափեց»: Տրապիզոնի հայերն էլ նույն մեթոդով ծովն են թափվել: Այդ մասին իմանում ենք 1919թ. Տրապիզոնի դատավարության ժամանակ վկաների ցուցմունքներից:

Երկրորդ մեթոդը. որոշ վայրերում հայերը տեղահան չեն արվել, այլ սպանվել են իրենց գյուղերում: Նույնիսկ եկեղեցիներում հավաքելով ժողովրդին` կենդանի-կենդանի այրել են: 1916թ. հետո երրորդ բանակի հրամանատար Վեհիփ փաշան գրավոր մի տեքստում վկայում է, որ Մուշի և Բիթլիսի շրջանում ականատես է եղել նմա կերպ ոչնչացումների:

Երրորդ մեթոդը` թեշքիլաթ-ը մահսուսայի`հատուկ կազմակերպություն ջոկատները կամ քրդական աշիրեթները տեղեկանալով, հարձակվում են քարավանների վրա և կոտորածի ենթարկում: Երզնկայում նորվեգացի բուժքույր Վեդել Յարլսբերգը իրենց մահացած ձևացնելով փրկված հայերից և ականատես զինվորների արտասվելով պատմածների հիման վրա զեկույց է նախապատրաստում, որտեղ նա, մեջբերելով մի թուրք ժանդարմի խոսքերը, գրում է՝ մորթելով, սպանելով բերում էին: Հայերի նույն կոտորածները շարունակվում են որոշված աքսորակայաններում` Սիրիայի և Իրաքի անապատներում: Այստեղ էլ կարևոր դեր են խաղում Ժանդարմերիայի ուժերը և չերքեզ հրոսակախմբերը: Կարելի է ասել, որ 1916թ. Դեյր Զորի անապատներում սպանված հայերի թիվը շուրջ 200 հազ. է: Սակայն կարող ենք ասել, որ մահացության գերակշիռ մասը տեղի էր ունենում սովից, հիվանդություններից, ջրի բացակայությունից, ինչպես նաև եղանակային պայմաններից: Քարավանները կանխամտածված կերպով կտրում էին շատ երկար ճանապարհ, հանգստի վայրերում նրանց հաց և ջուր չէր տրվում, հիվանդներին բուժելու համար ոչ մի միջոց գործի չէր դրվում, և հիվանդներին ստիպում էին շարունակել աքսորի ճանապարհը: Օսմանյան փաստաթղթերում տարածված համաճարակների և հիվանդությունների մասին հիշատակվում է. «Զինվորների մոտ գտնվող վայրեր մի՛ տարեք, մի՛ մոտեցրեք քաղաքնեrին, շարունակե՛ք քշելը »: Այսինքն, հայերի ոչնչացման համար գիտակցաբար օգտագործվում էր սովը, հիվանդությունները, ջրի բացակայությունը:

Հավատում եք, որ 1915-ինը ցեղասպանություն էր: Ինչո՞ւ:

-Թուրքիայում շատ քչերը գիտեն, որ «ցեղասպանություն» եզրի հաստատման կարևոր պատճառներից մեկը հենց Հայոց ցեղասպանությունն է: Հենց «ցեղասպանություն» հասկացության հեղինակ Ռաֆայել Լեմկինն է ասում, որ այդ բառեզրի հայտանբերման մեջ որոշիչ նշանակություն ունի Հայոց ցեղասպանությունը: Իր հուշերում Լեմկինը պատմում է այդ մասին: 1921թ., երբ Սողոմոն Թեհլերյան անունով մի հայ սպանեց Թալեաթ փաշային, Լեմկինը Լեհաստանի համալսարաններից մեկի ուսանող էր: Թեհլերյանի դատավարության օրերին նա հարցնում է իր դասախոսին, թե ինչու շուրջ մեկ միլիոն մարկանց սպանության մեջ պատասխանատու մարդը (Թալեաթը) չի ձերբակալվել, սակայն դրան հակառակ այդ մարդուն սպանողին (Թեհլերյանին) ձերբակալել և դատում են: Շատ հետաքրքիր է ուսուցչի պատասխանը, որն ասում է՝ պատկերացրու հավեր ունեցող մի ագարակապան, ագարակապանը մորթում է իր հավերին, հետո ինչ, քեզ չպետք է հետաքրքրի, եթե խառնվես, ուրեմն դու գերազանցած կլինես քո չափը: Դասախոսը խոսում է ազգերի ինքնիշխանության սկզբունքի մասին, բացատրում, որ հնարավոր չէ պետության ղեկավարներին իրենց գործողությունների համար դատել: Իսկ Լեմկինի պատասխանը շատ պարզ էր. «Սակայն մարդը հավ չէ»: Իր հուշերում վերապատմելով այս դեպքը, Լեմկինը նշում է, թե այն այնքան էր ազդել իր վրա, որ թողնելով բանասիրությունը՝ որոշում է զբաղվել իրավաբանությամբ:
«Ինքնիշխանությունը չի նշանակում մեկ միլիոն մարդու սպանելու իրավունք» սկզբունքից ելնելով՝ Լեմկինը սկսում է պետության ղեկավարների գործած ոճրագործությունների համար պատասխանատվության ենթարկող օրենքի նախապատրաստումը: Նրան հաջողվում է: Ահա այսպես նա հայտնաբերում է «ցեղասպանության» սահմանումը և լծվում այն օրենքի վերածելու գործին: 1950-ականներին իր հոդվածներում և զրույցներում նա վերհիշում և կրկնում է այս պատմությունը:

Այսպես, 1948թ. «ցեղասպանություն» եզրի հեղինակն ասում է. «Ես այս բառեզրը և օրենքը հայերի հետ պատահածը բացատրելու համար ստեղծեցի»: Իսկ մենք այժմ քննարկում ենք, թե 1915-ինը ցեղասպանություն էր, թե ոչ և միթե այստեղ արտասովոր ոչինչ չկա:

Կարծում եմ՝ այլևս չպետք է ժամանակ կորցնել՝ քննարկելով 1915թ. դեպքերի ցեղասպանություն լինելը: Այս պնդումները անօգուտ են: Ի վերջո ովքեր ուզում են հարգել 1915 թ. պատահածներն օգտագործելով ժողովրդի այս հարցերի վերաբերյալ տգիտությունը, փորձում են անպետք քննարկումներ ծավալել:

Հայերի՝ թուրքերին սպանելու մասին ի՞նչ կասեք:

-Զանգվածային յուրաքանչյուր մեծ կոտորածից հետո կարելի է խոսել վրեժխնդրական ակտերի մասին, և դա եղել է: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո, երբ ռուսական զորքերը լքում էին ճակատը, հայկական խմբերը Երզնկայում, Էրզրումում, Կարսում 1918-1919 թթ. իրականացնում են վրեժխնդրական գործողություններ: Սպանությունը սպանություն է, և վրեժխնդրական գործողությունները պաշտպանել չի կարելի: Ամեն մահացածի համար պետք է ցավել: Սակայն անիմաստ է, որոշ չեթեների խմբերի անվերահսկելի գործողությունները համեմատել պետության կողմից մեկ միլիոնից ավելի սեփական քաղաքացիների սպանության հետ և ասել «փոխադարձ բախումներ են տեղի ունեցել»:

1945-ից հետո Լեհաստանում, Չեխոսլովակիայում գերմանացների դեմ վրեժխնդրական գործողություններ տեղի ունեցան, սակայն ոչ ոքի մտքով չի անցնում ասել, թե «Հոլոքոստ» տեղի չի ունեցել: Օսմանյան կայսրության՝ իր քաղաքացիներին սիստեմատիկորեն սպանելու հարցը ճիշտ չէ բացատրել 1918-ից հետո սկսված վրեժխնդրական գործողություններով: Իթթիհադականներն իրենց ազգայնամոլական քաղաքականության արդյունքը` միայն տարբեր լեզու և կրոն, ունենալու պատճառով այս երկրի մեկ միլիոն քաղաքացիների ոչնչացչրեցին: Ահա սա է խնդիրը:

Ինչպե՞ս կլուծվի հայկական հարցը:

Ըստ իս` ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե «Հայկական հարցից», այլ «Թուրքական հարցից»: Ամեն ինչից առաջ մենք` թուրքերս, պետք է սովորենք խոսել մեր պատմության մասին: Պետք է սովորենք, թե որն է իրականությունը, և թե ինչպես կարելի է խոսել այդ իրականության մասին: Պատմությունը իմանալ և խոսել այդ իմացության մասին երկու տարբեր բաներ են: Ըստ իս` նախևառաջ պետք է հասկանալ ցավը, գիտակցել և կիսել: Թե ինչ են ապրել հայերը, պետք է լսենք և սովորենք հենց նրանցից: Հարցի լուծման համար անհրաժեշտ գործողությունները պետք է տարբերակել երկու խմբի` պետական հարթություն և հանրային հարթություն:

Պետական հարթությունում այն կառավարությունը, որն իրապես կցանկանա հարցի լուծումը, պետք է փոխի լեզուն և խոսելաձևը: Կռվի լեզուն տարբերվում է խաղաղության և եղբայրության լեզվից: Այսպիսով, նախևառաջ պետք է ստեղծել լուծմանը միտված նոր լեզու: Դրա համար անհրաժեշտ է վերջ տալ հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանող հատկապես նախարարությունների ինտերնետային էջերին և լրատվամիջոցների հրապարակումներին: Ազգային անվտանգության խորհրդին կից գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող խորհուրդը» (ASIMKK) պետք է վերացվի: Քանի դեռ գործում է այս հանձանժողովը, խաբկանք է մտածել, որ Թուրքիայում Ցեղասպանության վերաբերյալ ինչ-որ դրական տեղաշարժ է լինելու:

Երկրորդ կարևոր քայլը սահմանների բացումն է: Այսօր նորմալ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կտա անցյալում տեղի ունեցած հարցի լուծման համար:

Սահմանները փակ պահելով և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով՝ ոչ մի հարց չի կարող լուծվել: Ինչպես կարող է լուծվել երկու ժողովուրդների միջև պատմական խնդիրը, երբ նրանք միմյանց չեն ճանաչում և չեն խոսում: Մարդիկ իրար հասկանում են խոսքով, իսկ կենդանիները` հոտոտելով, սա է հիմնական կանոնը: Եթե Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, և սահմանդուռն էլ ստանա «Հրանտ Դինքի» անունը, դա շատ գեղեցիկ ժեստ կլինի:

Երրորդ կարևոր քայլը ներողության խնդրելն է: Ներկայում պետության, կառավարության ղեկավարները անցյալում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների համար ներողություն են խնդրում: Եվ նմանատիպ դեպքերում ներողություն խնդրելով՝ չեն ցածրանում, չեն փոքրանում, ընդհակառակը` հարգանքի են արժանանում: Թուրքիան պետք է անի այդ քայլը: Թուրքիան, որ մեկ նավի վրա հարձակման հետևանքով ներողություն էր ակնկալում Իսրայելից, պետք է տեսնի, որ հայերն էլ 1915թ. մեկ միլիոն մարդու սպանության հետևանքով նմանատիպ սպասման մեջ են: Քանի դեռ թուրքական կառավարությունը չի ընդունել, որ 1915թ. իրադարձությունները հանցագործություն են և հնարավոր չէ բարոյապես այն արդարացնել, հարցը չի լուծվի: Երկու հանրությունների, երկու կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ պայմանն է, որ դատապարտվեն 1915թ. Թուրքիայում հայերի դեմ կատարված հանցագործությունները և ասվի, որ դրանք բարոյապես անընդունելի են:

Չորրորդ քայլն այն է, որ անցյալի սխալները խմբագրելու համար օրակարգ բերվեն մի շարք գեղեցիկ նախաձեռնություններ:

Անատոլիայից եղած հայերին ավտոմատ կերպով Թուրքիայի քաղաքացիության տրամադրումը վերոնշյալ քայլերից մեկը կարող է լինել: Թուրքիայում հետքը ջնջած հայկական մշակութային կոթողները պետք է վերականգնվեն: Այս ուղղությամբ պետք է վերականգնվեն կրոնական, մշակութային պատմական հուշարձանները, հայ ճարտարապետների կառուցած շինությունները: Անատոլիայում հետքերը ջնջված հայկական քաղաքակրթությունն ու մշակույթը վերակենդանացնելու քայլերը ամենալավ պատասխանը կլինեն անցյալում իրականացվող ոչնչացման քաղաքականությանը: Հայերի Վատիկանը համարվող Էջմիածնից հետո և նույնիսկ նրան հավասար համարվող Սիսի կաթողիկոսարանի հարակից շինությունները ու հողատարածքը հայերին վերադարձնելը շատ կարևոր խորհրդանշական քայլ կարող է լինել:

Օրինակ, ապրիլի 24-ին Անկարայի Քոջաթեփե, Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթներում 1915թ. զոհերի համար կարելի է հոգեհանգիստ կազմակերպել՝ աղոթք կարդալ: Սպանված մարդկանց հարգել և նրանց հիշատակին խոնարհվելը բոլոր կրոնների պարտականությունն է: Բացի այդ, կարելի է համատեղ կրոնական արարողություններ կատարել: Կրոնները մեզ մարդկանց հարգել են սովորեցնում և պետք է սովորեցնեն: Կարծում եմ, որ 1915թ. զոհերի հիշատակին նվիրված կրոնական արարողությունները մեծ նշանակություն կարող են ունենալ:

Հանրության շրջանում կարելի է աշխատանքներ տանել նրանց տեղեկացնելու համար: Որպեսզի ժողովուրդը իրականությունն իմանա, պետք հարյուր տարի շարունակվող ստի և ուղեղներ լվացնող քաղաքականության բացասական հետևանքները վերացվեն: Դրա համար լրատվամիջոցներում ներգրավելով նաև հայ մասնագետների՝ պետք է իրականացնի ժողովրդի լուսավորման աշխատանք: Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով (խորհրդարան, համալսարաններ և այլն) համատեղ հանձնաժողովներ կարելի է ստեղծել, ընդլայնել քաղաքացիական նախաձեռնությունները:

Հիմնական նպատակը նախապատրաստումներից ազատվելը պետք է լինի: Պետք է ստեղծվի բարեկամության լեզուն և այն գտնի լայն օգտագործում: Այս քայլերից հետո կողմերը անցյալում տեղի ունեցած անարդարությունը հաղթահարելու անհրաժեշտության հարցով կսկսեն խոսել միմյանց հետ:

Ինչ եք սպասում 2015թ.` 100-րդ տարելիցին:

-Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Իսրայելը իրենց քաղաքականությունը չփոխեն, չեմ կարծում, որ որևէ լուրջ բան տեղի կունենա։ Այս պահին ոչինչ չկա, որը ցույց տա, որ այս շրջանակները կփոխեն իրենց դիրքորոշումը։ Կարծում եմ՝ 2015թ. էլ ցույցեր են լինելու, որոնց ընթացքում մարդիկ իրենց հավատացած, իմացած բաներն են կրկնելու։ Իսկ հետո կգա ապրիլի 25-ը:

Ինչ պետք է անել. կարծում եմ՝ բացատրել եմ իմ մտքերը: 2015թ. հետ կապված իմ սպասումը և հույսն այն է, որ Թուրքիան իր քաղաքականությունը պետք է ազատի ադրբեջանցիների ազդեցությունից: Թուրքիան թողնելով իր հայաստանյան քաղաքականությունն ադրբեջանցիների ձեռքերում ու գերի դարձնելով իր քաղաքականությունը՝ չի կարող որևէ հարց լուծել:

Ամենից առաջ անհրաժեշտ է, որ Թուրքիան ազատվի իր և Հայաստանի միջև թռիչք իրականացնելու համար Ադրբեջանից թույլտվություն խնդրելու ամոթից: Ինչպես գիտեք, 2010թ. կրկին Ադրբեջանի ճնշմամբ Թուրքիան միակողմանիորեն չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները: Կարծում եմ, որ 2015թ. այդ արձանագրությունների հրապարակ բերելը արժանապատիվ քաղաքականության սկիզբը կարող է լինել: Ես գիտեմ և հույս ունեմ, որ Թուրքիան, որ չի վախենում քրդական հարցը լուծելու համար խիզախ քայլեր կատարելուց, Հայոց ցեղասպանության խնդրով էլ նույն համարձակ քայլերն է անելու:

Սակայն, ինչպես ասացի, Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան պետք է ազատվի Ադրբեջանի վերահսկողությունից, սովորի լսել հայերին և հասկանա հայերի ցավերը, որոնք երկար ժամանակ չի ընդունել ու ժխտել է: Դրանից հետո միայն կարող ենք խոսել այն մասին, թե ինչ անել, որպեսզի այդ ցավերը հեռանան:

Թարգմանությունը՝ Գոռ Երանյանի:

Նախաբանը՝ Ալին Օզինյանի: