Իտալիան հին ձևով կապրի․ նախագահ է վերընտրվել Ջորջո Նապոլիտանոն

Ապրիլի 20-ին՝ նախագահական ընտրությունների հինգ անարդյունք փուլից հետո, պետության նախագահ է վերընտրվել 87-ամյա Ջորջո Նապոլիտանոն, հաղորդում է BBC-ն։

Թեև Իտալիայի Սահմանադրությունը նախագահի վերընտրումը չի բացառում, երկրի հետպատերազմյան պատմության ընթացքում այսպիսի բան դեռ չէր եղել։ Մինչ այժմ պետության ղեկավարները դեռ ոչ մի անգամ չէին վերընտրվել երկրորդ ժամկետի համար։ Ջորջո Նապոլիտանոն նույնպես մինչև վերջին պահը բացառել է այսպիսի հնարավորությունը։

Իտալիայում նախագահին ընտրում է խորհրդարանի երկու պալատների անդամներից և երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչներից կազմված ընդարձակ հանձնաժողովը (1007 մարդ)։ Ապրիլի 18-ին սկսված քվեարկության առաջին երեք փուլերում ընտրվելու համար նախագահին անհրաժեշտ էր ստանալ ձայների 2/3-ը։ Վճռորոշ կարող էր դառնալ չորրորդ փուլը, որում բավարար է ստանալ պարզ մեծամասնություն՝ 504 ձայն։ Ունենալով 496 ձայն և հույս ունենալով ստանալ անկախ պատգամավորների ու Մարիո Մոնտիի կենտրոնամետ համախոհների աջակցությունը՝ ձախակենտրոնները՝ Պիեռ Լուիջի Բերսանիի գլխավորությամբ, առաջադրել էին Իտալիայի նախկին վարչապետ, մեկ այլ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վաղեմի հակառակորդ Ռոմանո Պրոդիի թեկնածությունը։ Նրան համարում էին նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից մեկը, սակայն չորրորդ փուլը ոչ միայն չհայտնաբերեց հաղթող, այլև պառակտեց ձախերին։ Ձախակենտրոն Պրոդիին չաջակցեցին անգամ կուսակիցները․ չորրորդ փուլում ստանալով 396 ձայն՝ նա հանեց իր թեկնածությունը։

Ընտրությունները «գլխատեցին» ձախ ուժերին․ հրաժարական տվեց Դեմոկրատական կուսակցության (PD) առաջնորդ Ռոզա Բինդին, իսկ նրանից հետո իր առաջիկա հրաժարականի մասին հայտարարեց PD-ի գլխավոր քարտուղար Պիեռ Լուիջի Բերսանին, որի հեղինակությունն առանց այդ էլ նկատելի անկում էր ապրել կառավարություն ձևավորելու ձախողված փորձից հետո։

Համաձայն իտալական լրատվամիջոցների՝ սկսած ապրիլի 19-ի երեկոյից՝ Ջորջո Նապոլիտանոյի հեռախոսը սկսել է «պայթել» հեռախոսազանգերից․ նախագահի պաշտոնին մնալ նրան խնդրել են քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները։ Արդյունքում նախագահը չի ընդդիմացել՝ հայտարարելով․ «Իմ պարտքն եմ համարում պատասխանել դրական»։ Ապրիլի 20-ի երեկոյան՝ քվեարկության վեցերորդ փուլին, նրա թեկնածությանը կողմ է արտահայտվել 738 ընտրիչ։

Ըստ փորձագետների՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու շանս Ջորջո Նապոլիտանոն ունի։ Վերլուծաբանները կարծում են, որ մեկ-երկու տարի հետո Նապոլիտանոն, այնուամենայնիվ, կթողնի իր պաշտոնը, սակայն նախքան այդ կարող է հասցնել նշանակել տեխնոկրատների կառավարություն, որն այդ ընթացքում կհամաձայնեցնի և՛ իտալական տնտեսության համար, և՛ իտալական ընտրական համակարգի համար անհրաժեշտ բարեփոխումներ։