Հունիսին կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ` ֆինանսական համահարթեցման իրավական խնդիրների մասին

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել և ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ ընդունվել են պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ավագանու և համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցմանը, սահմանվում են հիմքերն ու լիազորությունների դադարեցման համար նախադեպ հանդիսացող հանգամանքները: Օրենքը համալրվում է նոր դրույթով, ըստ որի` նախատեսվում է արձանագրել ավագանու նիստերը:

Հանձնաժողովը որոշել է առաջիկա հունիսի կեսին կազմակերպել խորհրդարանական լսումներ` «Ֆինանսական համահարթեցման իրավական կարգավորման խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով:

Որոշվել է նաև հանձնաժողովի առաջիկա հերթական նիստն անցկացնել Արմավիրի մարզում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ կքննարկվի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության հեղինակած մեկ այլ օրինագիծ: