Հույների մոտ 1/3-ը կցանկանար իշխանության տեսնել ռազմական խունտային

Հունաստանի բնակչության մոտ 1/3-ը կարծում է, որ եթե ներկայում իշխանության լիներ ռազմական խունտան, ինչպես 1967-1974 թվականներին էր («սև գնդապետեր»/«գնդապետերի վարչակարգ»), երկիրը տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի արագ կհաղթահարեր, քան դա հնարավոր է ժողովրդավարական կարգերի օրոք, հաղորդում է France 24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով հունական Metron Analysis հետազոտական և խորհրդատվական ընկերության հարցումը։

Փորձագետները կարծում են, որ բռնապետական վարչակարգի նկատմամբ կարոտախտի այսպիսի բարձր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին ընտրություններին «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պահպանողականներին աջակցած ընտրողների կեսը հիասթափվել է իր որոշումից։ Նրանց կարծիքով՝ կառավարությունը՝ Անտոնիս Սամարասի գլխավորությամբ, ունակ չէ ապահովելու քաղաքացիների անվտանգությունը և զսպելու կենսամակարդակի անկումը։

Այսպես կոչված «գնդապետերի վարչակարգը» Հունաստանում գոյություն է ունեցել յոթ տարի։ Նրա օրոք քաղաքական գլխավոր ուժ էին դարձել ռազմական հրամանատարության ներկայացուցիչները, որոնք սերում էին աղքատ ընտանիքներից։ Նրանց գաղափարախոսությունը հակակոմունիզմն էր, միաժամանակ՝ բացասական լույսի ներքո էին ներկայացավում արևմտյան մշակույթն ու աթեիզմը։ «Գնդապետերի» կարգախոսներից մեկն էր «Հունաստանը հույն քրիստոնյաների համար է»-ն։