Բելգորոդում հրաձգության հետևանքով զոհվել է վեց մարդ

Իրավապահ մարմինները պարզել են Բելգորոդում «Օխոտնիկ» խանութի վրա հարձակում իրականացրած անձանցից մեկի ինքնությունը․ նա նախկինում դատված տեղի բնակիչ է, որը բանտից դուրս էր եկել անցյալ տարի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի և ներքին գործերի նախարարության հաղորդագրությունները։

Հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ: Հարձակման փաստի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ «երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով։

Համաձայն ՌԴ ոստիկանության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 14։00-ին «Օխոտնիկ» խանութի մոտ։ Հարձակում իրականացրածները խանութին մոտեցել են մուգ գույնի BMW-ով և դուրս գալով ավտոմեքենայից՝ կրակ են բացել նախ փողոցում, ապա խանութում։ Դրանից հետո նրանք փախուստի են դիմել։

Հարձակումն իրականացրած անձանց հստակ թվի վերաբերյալ տեղեկությունները տարբեր են։ Ի սկզբանե հաղորդվում էր, որ կրակը մի տղամարդ է բացել, սակայն հետո հայտնվեցին տեղեկություններ, որ հնարավոր է՝ նրանք երկուսն են եղել։ Նախնական տվյալների համաձայն՝ հարձակման ժամանակ օգտագործվել է որսորդական հրացան։

Մեկնաբանել