Նիդեռլանդների թագավորը մնաց առանց օրհներգի

Նիդեռլանդների նոր թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի թագադրման արարողությանը, որը նախատեսված է ապրիլի 30-ին, օրհներգ չի հնչի:

«Արքայի երգը» հիմնի հեղինակ բրիտանացի-հոլանդացի կոմպոզիտոր Ջոն Էուբանքը որոշել է հետ կանչել իր ստեղծագործությունը, երբ հոլանդացիները քննադատել են ստեղծագործության երաժշտությունն ու բառերը:

Թագադրության ընթացքում երգը չհնչեցնելու առցանց խնդրագրի տակ ստորագրել է մոտ 40 հազ. քաղաքացի, որոնց դուր չի եկել կոմպոզիտորի նորարարական մոտեցումը: Հինգրոպեանոց ստեղծագործությունը սկսվում է դասական օրհներգերի նման` հանդիսավոր և հանգիստ, սակայն ինչ որ պահից երգչախումբն անցնում է ռեփի: Ինչպես նշել է քննադատներից մեկը, օրհներգը գերհագեցած է, իսկ «ռեփի պահը պարզապես անտանելի է հնչում»: Ստեղծագործության բառերը ևս միանշանակ չեն ընդունվել: Հեղինակի Թվիթերի և Ֆեյսբուքի էջերը ողողված են զանազան տհաճ տեսակետներով, որոնց թվում կարելի է հանդիպել մեղադրանքների ավելորդ պաթոսի, վատ ճաշակի և նույնիսկ գրագողության մեջ:

Հեղինակը հայտարարել է, թե իրեն չի զարմացնում քննադատությունների քանակը, քանի որ երգը «խոշորացույցի տակ» է ուսումնասիրվել: Ապրիլի 18-ին հրապարակված օրհներգի ձայնագրությանը մասնակցել է 50 կատարող, որոնց մեծ մասը հայտնի է Նիդեռլանդներում: Նախատեսվում էր, որ թագադրության օրը նրանք կրկին կհավաքվեն` երգը ժողովրդի հետ միասին կատարելու համար:

Դեռ հայտնի չէ, թե ինչ երաժշտություն է հնչելու թագադրության արարողությանը:

Հատկանշական է, որ Վիլեմ-Ալեքսանդրը վերջին հարյուր տարում Նիդեռլանդները կառավարող առաջին տղամարդ-միապետն է: Մի քանի ամիս առաջ նրա մայրը` Բեաթրիքս թագուհին, հրաժարվել էր գահից` հոգուտ Վիլեմ-Ալեքսանդրի: 1980թ. Բեաթրիքսի մայրը` Յուլիանա թագուհին, կրկին հրաժարվել էր գահից` հոգուտ դստերը: Բեաթրիքս թագուհին հանգստի անցնելու մասին հայտարարությունն արել էր իր 75-ամյակի նախօրեին` 2013թ. հունվարի 31-ին:

Մեկնաբանել