Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Սերբիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսել այն բանից հետո, երբ Սերբիայի և Կոսովոյի վարչապետները հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է BBC-ն։
Ապրիլի 22-ին՝ ավելի վաղ, Սերբիայի կառավարությունը հավանություն էր տվել Բրյուսելում ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին, որը երկու կողմերը դիտարկում են՝ որպես կարևոր քայլ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ «խորհուրդ է տալիս Սերբիայի հետ սկսել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցություններ»։
Ինչ վերաբերում է Կոսովոյին, ապա Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Պրիշտինային թույլ տալ մասնակցել Եվրամիության 22 ծրագրերում։
Այժմ այս առաջարկները կքննարկեն Եվրամիության երկրների արտգործնախարարները։
Համաձայն Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչի և նրա կոսովցի պաշտոնակից Հաշիմ Տաչիի միջև ստորագրված համաձայնագրի՝ Կոսովոյի սերբական համայնքը կստանա սեփական ոստիկանական ուժեր և վերաքննիչ դատարան։
Երկու կողմերը նաև համաձայնել են չարգելափակել Եվրամիությանն անդամակցելու միմյանց ջանքերը։