Ա. Գևորգյանը ներկա է եղել Դիտավանի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 22-ին Տավուշի մարզ այցի շրջանակում ներկա է գտնվել մարզի Դիտավան գյուղի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով` արգենտինաբնակ բարերարներ Արմեն և Նատիա Էքսերճիյանների հովանավորությամբ: Էքսերճիյան ամուսինների աջակցությամբ գյուղում իրականացվել են խմելու ջրի, գազամատակարարման, համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր:

Արմեն Գևորգյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին` նոր դպրոցի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարերարներին` սահմանամերձ համայնքում խնդիրների լուծմանն աջակցելու համար: Նրա խոսքով` համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը տարածքների համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում են և ողջունելի է, որ անհատ բարերարները նույնպես աջակից են լինում այդ աշխատանքներին:

Ա. Գևորգյանը Դիտավանից մեկնել է Դիլիջան, որտեղ ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Տեղում ծրագրի իրականացման պատասխանատուների, մարզային և համայնքային իշխանությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին կառուցվող համալիրն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, շինարարության ընթացքի հետ կապված հարցեր:

Դպրոցի կառուցման ծրագիրն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014թ. սեպտեմբերին: Շահագործման կհանձնվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը: Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2016թ., կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, և մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։