Ստեղծագործությունն ինքնախաբեություն կամ բալասան չէ, այլ՝ հարցադրումների միջոց. արձակագիր

Նորմալ է, երբ ասում են՝ չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց հարց է՝ իսկ ինչո՞վ ես զբաղվում. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց արձակագիր Արմեն Օհանյանը, ով Երևանի ավագանու թեկնածուներից է ՀԱԿ-ի ցուցակով: «Հայտնի խոսք կա՝ եթե չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով»,- հիշեցրեց նա:

Արմեն Օհանյանի խոսքով՝ շուրջ 500 գրող կա Հայաստանում՝ նվազագույնն այդքան մարդ գրանցված է գրողների միությունում: «Նրանց մի մասը ազատագրողներն են, մի մասը՝ նկարագրողները: Նկարագրողները զրույցի մեջ են մտնում հավերժության մեջ՝ Աստծու հետ, ծաղիկի հետ, ջրի հետ, ծառի հետ, այսպես… ստեղծագործում են: Իսկ ազատագրողները գիտակցում են իրենց առաքելությունը, գիտակցում են, որ ապրում են որոշակի կարճ շրջան այս տարածքում, որն ունի իր խնդիրները, և ստեղծագործությունն ինքնախաբեություն չի, բալասան չի, այլ լուծումներ առաջադրող, եթե ոչ լուծումներ, ապա գոնե հարցադրումներ առաջադրող միջոց է»,- նշեց նա:

Արձակագիրը վստահ է, որ ճիշտը «ազատագրողների մոտեցումն է», եթե նույնիսկ ստեղծագործության թեման այնքան այժմեական չլինի որոշ ժամանակ անց, սակայն ասելիք ունենալու դեպքում այն լսելի կլինի վաղը, մինչդեռ խոսքը, որ մեռելածին է, նույնիսկ այսօր ոչինչ չի տալիս ընթերցողին: «Գրողն էլ նույն մարդն է, ունի նույն խնդիրներն ու հոգսերը: Նույն հացն է ուտում: Նախ և առաջ դու քաղաքացի ես, հետո նոր գրող կամ դիպլոմատ»,- ասաց նա:

Լուսանկարը՝ «Առավոտ»-ի

Մեկնաբանել